Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական շրջադարձային է․ Տոկաև

Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը պատմական շրջադարձային կետ է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ նման քաղաքականությունը բացառիկ բարոյական և քաղաքական նշանակություն ունի այն ժամանակներում, երբ աշխարհը գնալով մասնատվում է։

«Խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի արձանագրած առաջընթացը պատմական շրջադարձային կետ է։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության, պատասխանատվության և զսպվածության միջոցով։

Հակամարտություններով և բաժանումներով նշանավորված դարաշրջանում այս փորձը ցույց է տալիս, որ հաշտեցումը նշանակում է ուժ, այլ ոչ թե թուլություն։ Ղազախստանի համար Ադրբեջանը և Հայաստանը մտերիմ, եղբայրական երկրներ են։ Մենք բարձր ենք գնահատում մեր երկրի նկատմամբ ցուցաբերված վստահությունը, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության բանակցությունների կարևոր փուլի հյուրընկալումը։ Սա հաստատում է մեր ընդհանուր սկզբունքը, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը երկխոսությունն է։

Ղազախստանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են խաղաղությունը, վստահությունը և համագործակցությունը Եվրասիայում և ամբողջ աշխարհում։ «Զայեդի» մրցանակը կրում է հզոր բարոյական ուղերձ։ Այն վերահաստատում է, որ եղբայրությունը համընդհանուր սկզբունք է և գործնական հիմք՝ անվտանգությունը, զարգացումը և մարդկային արժանապատվությունը ապահովելու համար։ Այս մրցանակը մարմնավորում է Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի ժառանգությունը, որը հիմնված է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության վրա»,- նշել է Տոկաևը:

 

Թարգմանությունը՝ Radar.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment