Կունենանք Հայաստանի ամենամեծ կարիերային կենտրոնը․ սոցապնախարարը՝ խնդիրների ու ծրագրերի մասին

Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանի սոցիալական քաղաքականության մեջ նոր մոտեցումներ են ձևավորվում. կառավարությունը շեշտը դնում է ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման և բնակարանաշինության, այլև քաղաքացիների աշխատանքային հմտությունների ավելացման և թվային գրագիտության բարձրացման վրա։ Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումներն ու այն համակարգային խնդիրները, որոնք, նրա բնորոշմամբ, խոչընդոտում են աղքատության հաղթահարմանը։ Ներկայացնում է

Ավելի քան 2800 հաստատված դիմում՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի շրջանակում, յուրաքանչյուրը՝ 16 մլն դրամ աջակցությամբ․ գործադիրի ամփոփած թվերն օրենսդիրում ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիամ Պողոսյանի հարցին։   

 «Արդյոք շարունակվելու է ծրագիրը, որքան ժամանակ է շարունակվելու, կոնկրետ որ սահմանամերձ գյուղերն են հայտնվելու այս ծրագրի շրջանակներում»։

Մինչև պատգամավորի բուն հարցին պատասխանելը՝ Արսեն Թորոսյանն անդրադարձավ կառավարության ընդհանուր ծրագրերին։ Նախարարն ընդունում է՝ ոչ բոլոր ծրագրերն են արդյունավետ։

«Անկեղծ պետք է ասեմ՝ բոլորը չի, որ էֆեկտիվ են, որոշները էֆեկտիվ են, հատկապես Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների ծրագրերն են էֆեկտիվ, բայց մենք այնտեղ էլ որոշակի ավելի էֆեկտիվացնելու փոփոխություններ կանենք։ Այդքան ընտանիք, այդքան տուն։ Չեմպիոն համայնքներ էլ ունենք, այսպես ասած, որտեղ կառուցվել է մինչև 300 տուն։ Այսինքն՝ պատկերացրեք, որ դա մի մեծ գյուղ է։ Եվս մեկ գյուղ, արդեն գործող գյուղում»։

Արսեն Թորոսյանն առանձնացնում է ուշագրավ մի ցուցանիշ՝ դիտարկելով դա երկու ասպեկտով։ Վերջին 8 տարում նպաստ ստացողների թիվն ավելացել է 130․000-ով։ Ըստ նախարարի՝ սա դրական ցուցանիշ է, քանի որ վկայում է մարդկանց կյանքի տևողության ավելացման և առողջության պահպանման մասին։ Սակայն  դա նաև ֆինանսական առումով բեռ է կառավարության և աշխատող քաղաքացիների համար թոշակի վճարման իմաստով։ Ըստ նրա՝ 2018 թվականին մեր երկրում գրանցված աշխատողների և կենսաթոշակառուների թվերը հավասար են եղել։

«Այսինքն՝ գրանցված աշխատողների վրա բեռը եղել է շա տ ավելին, քան հիմա։ Մենք հիմա ունենք հակառակ վիճակը, այսինքն՝ հավասար են եղել աշխատող մարդիկ և պետության կողմից կենսաթոշակ ստացող մարդիկ»։

Ինչպե՞ս անել, որ աշխատանք փնտրողները համապատասխանեն թափուր աշխատատեղի համար առաջադրված պահանջներին։ Հարց, որի մասին մտածում են ոչ միայն աշխատանք փնտրողերը, այլև պետական գերատեսչությունները։

Նախարարը ներկայացնում է գերատեսչության  փորձած նոր տարբերակը։

 «Ես և մենք մեր առաջ  նպատակ ենք դրել, որ այս Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության մասով գործառույթը, ըստ էության, վերածվի Հայաստանի ամենամեծ կարիերային կենտրոնի։ Կարիերայի կենտրոններ կան, որ վեբ կայքով մտնում ես, աշխատանք ես փնտրում, CV-դ ես ուղարկում, ներբեռնում ես, գնում ես հարցազրույցի։ Ես կարծում եմ, որ մեր ռեսուրսը թերօգտագործված է»։

Այդ   նպատակով նախարարությունն իրականացրել է փորձնական  քայլ. աշխատանք փնտրող 1000 գրանցված քաղաքացու էլեկտրոնային փոստով ուղարկվել են նրանց տարածաշրջանում առկա թափուր աշխատատեղերը։  

«Եղել է հեռախոսով, որ գործ ես փնտրում՝  արի մի հատ նայեմ ի՞նչ կա։ Մոտավորապես այս վիճակն է եղել։ Ու այստեղից էլ մի հարց է ծագել, որն էլ երկրորդ մասն է՝ վերապատրաստումների։ Այսինքն՝ այս մասն ակտիվացնում ենք, նույնն անելու ենք գործատուների մասով․ հենց մեկը գա, ասի, գիտե՞ք ես այսինչ մասնագետն եմ, ես օրինակ՝ լավ խոհարար եմ, լավ վարսավիր եմ, լավ բժիշկ եմ, լավ ինժեներ եմ,  մենք այդ նույն  մարդու տվյալներն ուղարկելու ենք այն գործատուներին, որոնք փնտրում են աշխատողներ, և դա անելու ենք պարբերաբար»։

Հենց այս գործընթացում ի հայտ են եկել ավելի խորքային խնդիրներ էլ։ Քաղաքացիների հետ էլեկտրոնային նամակագրությամբ շփման ընթացքում պարզվել է, որ վերջիններս չունեն տեխնոլոգիական արդի լուծումներից օգտվելու՝ երբեմն նույնիսկ տարրական գիտելիքներ:

«Պարզվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը ո՛չ էլեկտրոնային փոստ ունեն, ո՛չ գիտեն օգտվել համակարգչից, ո՛չ էլեկտրոնային ստորագրություն ունեն,  ոչ մի բան չունեն, որ թվային է և ժամանակակից»։

Սոցապնախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների թվային գրագիտության մակարդակի մասին պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ շատ քաղաքացիներ դժվարանում են, անգամ, վեբ կայքերից տեղեկատվություն ստանալիս։  

«Այս նպատակով մենք արդեն մեր գործընկերների հետ քննարկում ենք ԿԳՄՍ-ի, ԲՏԱ-ի և թվայնացման գործընկերների հետ ուզում ենք զանգվածային թվային գրագիտության դասընթաց անել։ Տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք մեզ մոտ գրանցված են որպես աշխատանք փնտրող։ Իհարկե, ավելի շատերին է պետք, բայց առնվազն մենք մեր թիրախային խմբի համար ուզում ենք անել, որպեսզի նաև նրանց թույլ տանք, որ իրենք այդ հմտություններն ունենան՝ պարզապես փնտրել-գտնելու»։

Աղքատության թեման կառավարությունում ևս տարատեսակ քննարկումների առանցքային թեմա է եղել։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել աղքատության ցուցանիշի և քաղաքացիների աշխատանքային հմտությունների պակասի միջև:

«Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով»։

Խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը տարեսկզբին քննադատել էր կառավարությանը՝ ընտրական ծրագրով տրվող աղքատության խնդիրների լուծման խոստումների չկատարման համար, նշելով, որ պաշտոնական թվերը վկայում են աղքատության և շարունակվող սոցիալական խնդիրների  մասին։ Պատգամավորի փոխանցմամբ՝ 2018-ին աղքատության մակարդակը եղել է 23.5%, 2023-ին՝ 23.7%, ծայրահեղ աղքատությունը՝ 1%-ից աճել է մինչև 1.1%

Արսեն Թորոսյանն այլ թվերից ու պատկերից է խոսում։ Նախարարը հայտարարել է, որ աղքատության ցուցանիշն իջնելու միտում ունի։ Ըստ Թորոսյանի՝ ծայրահեղ աղքատությունը նվազել է՝ 2023-ի 1.1%-ից հասնելով 0.6%-ի, իսկ ընդհանուր աղքատությունը՝ 21.7%-ի։

Խորհրդարանական ընդդիմությունը, որը տարակարծություն ունի սոցիալական քաղաքականության և այս ցուցանիշների առումով, քննարկմանը չէր մասնակցում։

Leave a Comment