Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը․ նիստը նախագահողը՝ փաստաբանին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանը այսօր Միքայել սրբազանի գործով դատական նիստում պարոն Աջապահյանով դիմեց արքեպիսկոպոսին։ Այդ դիմելաձևին չարձագանքեց արքեպիսկոպոսը, արձագանքեց պաշտպաններից Արա Զոհրաբյանը։

– Խնդրանքս է՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ նա արքեպիսկոպոս է,- արձագանքեց Զոհրաբյանը։

– Դատարանին քաջ հայտնի է պարոն Աջապահյանի կարգավիճակը, բայց հաշվի առնելով, որ քրեադատավարություն է իրականացվում, պետք է բոլոր առումներով մնանք քրեադատավարության տիրույթում,- արձագանքեց դատավոր Մանասյանը։

– Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ պետք է «պարոն» բառով դիմեք,- զարմացավ փաստաբանը։

– Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է «մեղադրյալ» տերմինը։ Այս պարագայում դիմում եմ պարոն Աջապահյան՝ հաշվի առնելով անձի սեռը։ Հոգևոր կարգավիճակը քրեական դատավարության օրենսգրքում կապ չունի,- հավելեց դատավորը՝ կոչ անելով փաստաբանին իրեն համեստ դրսևորել։

Այսօր պաշտպանական կողմը նաև երկու միջնորդություն ներկայացրեց՝ երկու դատավորների բացարկի վերաբերյալ։

Մանասյանին բացարկի միջնորդություն ներկայացվեց՝ մեղադրող դատախազի հետ մտերմիկ կապերի մեջ լինելու համար։ Պաշտպանական թիմը դիրքորոշում հայտնեց, որ գտնում են՝ դատարանն այդկերպ չի կարող լինել անկողմնակալ, իսկ մյուս դատավորին՝ Վաչե Մարգարյանին, բացարկ հայտնեցին այն պատճառով, որ ավելի վաղ Միքայել սրբազանի գործով սուբյեկտիվ մեկնաբանություններ էր տվել։ Սակայն երկու դատավորներն էլ մերժեցին բացարկի միջնորդությունները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment