ԱԺ հերթական լիագումար նիստերից առաջ խորհրդարանական հանձնաժողովները սկսել են նախագծեր քննարկել։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ներառված նախագծերի հիմնական մասը առաջին ընթերցման է ներկայացվելու։ Դրանցից մեկի հեղինակները ՔՊ խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Մանավազյանն են։ Առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ առողջապահական ծառայությունների համար վճարելիս էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր կլինի։
Վճարումները՝ բացառապես անկանխիկ եղանակով։ Առողջապահական հաստատություններում սա արդեն մի քանի տարի է, ինչ պարտադիր է․ վճարումները կատարվում են POS տերմինալով ու բժշկական հաստատություններում դրված տերմինալներով, որոնք սակայն, միշտ չէ, որ կտրոն են տալիս։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացնում է իրենց առաջարկը․
«Բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ POS տերմինալների դեպքում, այսպես թե այնպես, գործում էր սույն օրենքը, որովհետև POS տերմինալով վճարում կատարելիս ՀԴՄ տպվում է, իսկ վճարային տերմինալների ժամանակ նման հնարավորություն չկար․ հիմա այդ հնարավորությունն ենք ընձեռում»։
Այսպիսով, ամբողջական տվյալները կհավաքվեն ArMed հավելվածում։ Սա, ըստ նախագծի հեղինակի, կօգնի համակարգը միասնական դարձնելուն, հնարավորություն կտա հասկանալու, թե որ ծառայություններից են մարդիկ օգտվում․
«Օրենքի նախագծով նախատեսում է Հարկային օրենսգրքի 380 հոդվածում կատարել փոփոխություն ու լրացումներ, որոնց համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ եթե վճարումն արվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով (վճարային տերմինալների մասին է խոսքը կամ վճարային քարտերի), ապա այս դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր և ծառայությունների մատուցման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»։
Էլեկտրոնային ՀԴՄ–ն կարտացոլվի քաղաքացու ArMed հավելվածի անհատական հաշվին։ Հարկային հաշվի ու ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի յուրաքանչյուր ծառայության անհատականացման նույնակացված ծածկագիրը։ Սա ցույց կտա, թե որ ծառայությունից է օգտվել քաղաքացին ու որքան է վճարել դրա համար։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքում է՝ միշտ չէ, որ անկանխիկ վճարումների ժամանակ հնարավոր է փոխանցում կատարել։ Առողջապահական ծառայությունների դեպքում սա արդեն խնդիր է։
«Տվյալ համակարգը, անգամ ArCa-ն խնդիրներ է ստեղծում։ Խանութների դեպքում հարցը հասկանալի է։ Իսկ ի՞նչ անի մարդը, եթե պետք է վիրահատվի։ Հիվանդանոցները կանխիկ չեն ընդունում»։
Նախագծի հեղինակը առաջարկում է վիրահատությունից հետո վճարել։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ առողջապահական ոլորտում ֆինանսական հոսքերի թափանցիկությունը ապահովելու հարցում կարևոր է նախագիծը։ Բայց այլ խնդրի մասին է խոսում, որն առաջացել է առողջապահության ապահովագրության ներդրումից հետո․
«Առողջապահական ապահովագրության կրկնակի գանձման մասին է խոսքը, երբ քաղաքացին մի քանի տեղ է աշխատում, ու պահումներ են անում։ Քաղաքացու համար որքան կարևոր են հարկերը, որ վճարում է, նույնքան կարևոր է, որ պետությունը իր գրպանից հավելյալ գումար չտանի, թեև խոստանում է վերադարձնել։ Եթե այդ համակարգերը կան, իսկ դրանք կան, ապա պետք է վայրկյան առաջ պետությունը լուծի այդ հարցը»։
Օրերս առողջապահության նախարարը հայտարարեց, որ առաջիկայում ArMed համակարգում կտեղադրեն այն դիմումի ձևը, որով կրկնակի գանձման դեպքում քաղաքացին կարող է մեկ անգամ լրացնել այն, հաշվեհամար տրամադրել ու հետ ստանալ հավելյալ վճարած գումարը։ Մինչև այդ, դիմումը պետք է լրացվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կայքում։