Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել և դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը․ Սպիտակ տան խոսնակ

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ հակառակ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու խոստումին, Ռուսաստանը նախօրեին վերսկսել է ավիահարվածները և Զապորոժիեում կան զոհեր ու վիրավորներ։ Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվում է Աբու Դաբիում այսօր նախատեսված  եռակողմ բանակցություններից առաջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է ռուսական հերթական հարվածների վերաբերյալ Միացյալ Նահանգների արձագանքին։ Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Պուտինին խնդրել է մեկ շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները․

«Մենք սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների արձագանքին ռուսական հարվածներին։ Սա առաջարկ էր հենց Ամերիկայից, որ դադարեցվի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները ձմեռային նման ցուրտ եղանակի ժամանակ։ Կար խնդրանք անձամբ Միացյալ Նահանգների նախագահից։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատասխանեց այս խնդրանքին բալիստիկ արձանագրությամբ։ Այն պահից, երբ Ռուսաստանին խնդրեցին դա, անցել է չորս օրից էլ պակաս»։

Զելենսկին պնդում է, որ Պուտինը չի կատարել խոստումը և հարվածել է Ուկրաինային։ Նա Մոսկվայի այդ քայլը ռուսական խաբեություն է համարում:

Հունվարի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ անձամբ է խնդրել Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին և ուկրաինական մյուս քաղաքներին։ Սակայն Ուկրաինան արդեն հայտնում է, որ ռուսական կողմը զանգվածային հարվածներ է հասցրել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ավելի քան 70 հրթիռներով ու 450 անօդաչու սարքերով։

Թրամփը, արձագանքելով ռուսական հարվածների մասին ուկրաինական կողմի հայտարարությանը, ասել է, որ գիտի այդ մասին և կարծում է, որ Պուտինը պահել է իր խոստումը․

«Գիտեմ, կիրակիից կիրակի էր, և դրանից հետո բացվեց, և նա երեկ գիշերը ուժեղ հարվածեց նրանց: Նա պահեց իր խոսքը, դա մեծ բան է, գիտե՞ք, մեկ շաբաթ է։ Իսկապես այնտեղ շատ ցուրտ է, բայց կիրակի էր, և նա կիրակիից կիրակի պահեց խոսքը: Այո՛, ես ուզում եմ, որ նա ավարտի պատերազմը»:

Ավելի վաղ ռուսական հարվածների մասին հայտարարությանը արձագանքել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա ասել էր, որ դա Թրամփի համար անսպասելի չէր։ Լևիթը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Աբու Դաբիում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները եռակողմ բանակցություններ կանցկացնեն։ Նա կարևորել է հանդիպման ձևաչափը, քանի որ Ռուսաստանը, Ուկրաինան ու Միացյալ Նահանգները իրականում չեն կարողացել լրջորեն բանակցել խաղաղության ուղղությամբ շարժվելու համար։ Լևիթը վստահեցրել է, որ ամերիկացի բանագնացները ձգտում են անհնարինը հնարավոր դարձնելու և դադարեցնելու ռուս–ուկրաինական պատերազմը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ Ուկրաինայի խորհրդարանում վստահեցրել է, որ բանակցությունները վկայում են առաջընթացը․

«Նախագահ Թրամփը և նրա թիմը, Ամերիկայի դաշնակիցների աջակցությամբ, վճռականորեն տրամադրված են դադարեցնելու արյունահեղությունը, և պարզ է, որ Ուկրաինան հանձնառու է։ Այժմ ընթանում են ուղիղ բանակցություններ, և դա կարևոր առաջընթաց է։ Սակայն Ռուսաստանի հարձակումները, ինչպես երեկ՝ երեկոյան տեղի ունեցածները, չեն խոսում խաղաղության լրջության մասին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային, քանի որ Ուկրաինայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի անվտանգությունն է։

Leave a Comment