Axios․ ԱՄՆ վարչակազմը համաձայնել է Իրանի հետ բանակցություններ անցկացնել Օմանում

ԱՄՆ վարչակազմը համաձայնել է Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնել Օմանում։ Ինչպես սպասվում է, խորհրդակցությունները կկայանան փետրվարի 6-ին։ Այդ մասին X սոցիալական հարթակում հայտնել է ամերիկյան Axios առցանց պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։

Նրա տեղեկությունների համաձայն՝ արաբական երկրներից մեկում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, «ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ըստ ակնկալիքների, տեղի կունենան ուրբաթ օրը՝ Օմանում»։

Ըստ նույն աղբյուրի՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի կողմի խնդրանքով համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման»։

Լրագրողը հավելել է, որ «դեռ շարունակվում են խորհրդակցությունները այն հարցի շուրջ, թե արդյոք արաբական և մահմեդական պետությունները կմասնակցեն Օմանում կայանալիք բանակցություններին»։

Ավելի վաղ պորտալը հաղորդել էր, որ Իրանը մտադիր է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների ձևաչափը՝ այն դարձնելով երկկողմ, ինչպես նաև տեղափոխել դրանց անցկացման վայրը Ստամբուլից Օման։

Leave a Comment