Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ 53-ամյա Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին, սպանվել է անհայտ անձանց կողմից իր տանը՝ Էզ-Զինթան քաղաքում (մոտ 160 կմ հարավ-արևմուտք Թրիպոլիից)։
Չորս զինված անհայտ անձ ներխուժել է տուն, անջատել տեսահսկման տեսախցիկները և «ուղիղ բախման» արդյունքում սպանել Սեյֆ ալ-Իսլամին։ Այս տեղեկությունը հաստատել է նաև նրա փաստաբան Մարսել Չեկկալդին՝ AFP գործակալությանը հայտնելով, որ առայժմ անհայտ են հարձակվողների ինքնությունը և հանցագործության դրդապատճառները։
Փաստաբանի խոսքով՝ մոտ 10 օր առաջ Քադաֆիի մերձավոր շրջապատից մեկը զգուշացրել էր «անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների» մասին։ Լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տան այգում, որտեղ Քադաֆին ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին մինչև 2011 թվականը համարվում էր Լիբիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ 2021 թվականին նա փորձել էր մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն չէր կարողացել գրանցվել։
