Պատկերացնո՞ւմ եք՝ եհովայի վկան հայտնվի զորամասերից մեկում ու հայտարարի՝ զենք վերցնելը մեղք է․ Տեր Զարեհ

«Մեր եկեղեցին ու պետությունը փոխհարաբերություններ ունեն օրենքով սահմանված կարգով: Քանի դեռ օրենքը փոխված չէ կամ ուժը չի կորցրել, այս ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, ապօրինություն է: Սահմանադրության ու այն բոլոր իրավական նորմերի խախտում է, ըստ որոնց եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները կառուցվել են»,- Aravot.am-ին ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ անդրադառնալով բանակից գնդերեցների ծառայությունը կասեցնելու ՊՆ նախարարի հրամանին։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Մայր Աթոռի կողմից նշանակված գնդերեցներին բանակից հեռացնելը եկեղեցին պետությունից տարանջատելու քայլերից մեկն է, Տեր Զարեհն այսպես արձագանքեց․ «Նման բան ասողները երևի միջազգային փորձը հաշվի չեն առնում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն բանակում, այլև հիվանդանոցներում հոգևորականների հատուկ ծառայություն կա ու պետբյուջեից վարձատրվող ծառայություն է: Թող ուսումնասիրեն, չնայած վստահ եմ, որ տեղյակ են, բայց իրենց պետք է եկեղեցի-պետություն լարված փոխհարաբերությունների ֆոնին իրենց տարիներով փափագած երազանքը իրականություն դարձնեն: Դրա համար էլ նման մեկնաբանություններ են տալիս: Այս ամեն ինչը աղանդավորների ջրաղացն է ջուր լցնել»։

Տեր Զարեհը վստահեցնում է, որ այստեղ իրավունքի, խտրական վերաբերմունքի հարց չկա, ինչպես պնդում էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ասելով, որ դավանանքի և կրոնական համոզմունքի խտրականություն է. ինչու պետք է զինվորական ծառայության կառույցներում ներգրավված չլինեին նաև բողոքական եկեղեցու հոգևորականները, որոնց հավատքի ներկայացուցիչները նույնպես ծառայում են զինված ուժերում։

«Կա ավանդական եկեղեցի, կան կրոնական կազմակերպություններ: Բոլոր պետություններում ավանդական եկեղեցուն առաջնահերթություն է տրվում: Բացի այդ, կրոնական կազմակերպությունները, որոնք մեծամասամբ դրսից են ֆինանսավորվում, լուրջ ազգային անվտանգության խնդիր են առաջացրել: Պատկերացնո՞ւմ եք՝ եհովայի վկան հայտնվի զորամասերից մեկում ու հայտարարի, որ զենք վերցնելը մեղք է, կամ քարոզի՝ մեզ սպանեն, մենք բարեկամության մասին խոսենք, մեզ հալածեն, մենք կեղծ ու մտացածին քրիստոնեական ձևակերպումների մասին խոսենք: Նման պնդումը ոչ իրավական հիմք ունի, նման մարդը, որ իրեն իրավապաշտպան է հռչակում, իրավունք չունի իրավունքի անունից նման ոչ մասնագիտական պնդումներ անի: Թող ուսումնասիրի միջազգային փորձը և կտեսնի՝ հոգևորականները ծառայություն են մատուցում գնդերեցի կարգավիճակով թե՛ բանակում, թե՛ հիվանդանոցներում»,- հավելեց տեր Զարեհը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment