«Միջազգային իրավունք չկա, որ չի սահմանափակվել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավի ընթացքում․ Ռաֆայել Իշխանյան

«Իշխանությունների կողմից եկեղեցու և նրա սպասավորների դեմ տարվող արշավը հաճախ մեկնաբանվում է՝ որպես համակամարտություն երկու կողմերի միջև, ինչ որոշ հավասարության նշան է դնում, մրցակցության պատրանք է ստեղծում, մինչդեռ դա այդպես չէ»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, (CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) նախագահ Ռաֆայել Իշխանյանը։

Նա ներկայացրեց փաստահավաք առաքելության արդյունքները ու նշեց․ «Մի կողմից պետությունն ունի ահռելի պետական ապարատ, ուժի կիրառման բաց մենաշնորհ, ուժային կառույցների գործողությունները կառավարելու մենաշնորհ։ Մյուս կողմից, եկեղեցին մեկ միավոր կրոնական կազմակերպություն է, հետևաբար իշխանության կողմից տարվող արշավի և եկեղեցու գործողությունների միջև հավասարության նշան չի կարելի դնել»։

Ըստ Ռաֆայել Իշխանյանի՝ առաջին հայացքից դիտարկումն այն էր, որ իշխանության՝ ի դեմս վարչապետի, արշավն ուղղված էր առանձին գործիչների դեմ, հետագա՝ երկրորդ հարթության մեջ տեսանելի էր, որ դա ուղղված է եկեղեցու դեմ․ «Երբ վարչապետը օրակարգ բերեց Կաթողիկոսին փոխելու հարցը, նաև հավատացյալների իրավունքների վրա դա անդրադարձավ։ Գիտենք, որ քաղաքացիների կարևոր միջոցառումներ ուղղակիորեն կապված են եկեղեցու գործունեության հետ»։

Ըստ Ռաֆայել Իշխանյանի՝ հավանաբար չենք գտնի միջազգային կոնվենցիաներով սահմանված մի իրավունք, որը չի սահմանափակվել կամ չի խախտվել ՀՀ իշխանությունների արշավի ընթացքում․ «Անձնական ազատության, արդար դատաքննության իրավունքը, կալանքները ամենահաճախ կիրառվող միջոցներն են։ Արդար դատաքննության իրավունքի խախտում տեսել էինք նույն Սրբազան պայքարի անդամների գործում, փաստերի մանիպուլյացիա, գաղտնալսումներ, որոնք մոլորեցնում են մի ամբողջ հանրության՝ ստեղծելով պատկեր, թե խմբի անդամներն ունեին հանրության նկատմամբ բռնություն կատարելու նպատակ։ Էլ չեմ ասում անմեղության կանխավարկածի ամբողջովին անտեսումը»։

Անդրադառնալով այն մեկնաբանությանը, որ դատարանները կարող են վերականգնել այն հոգևորականներին, որոնք հեռացվել են Կաթողիկոսի կողմից, նա ասաց․ «Դրա վերաբերյալ դատական պրակտիկա չունենք, բայց դրա կարիքը չկա, քանի որ մենք ունենք դրա վերաբերյալ այլ իրավունքի աղբյուրներ, որոնք նույնպես պարտադիր են ՀՀ-ի համար։ Կարող ենք դիտարկել ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները։

Առանձնացրել ենք մի գործ՝ Ստարոե Միխայլովսկոե համայնքը՝ ընդդեմ Ուկրաինայի, որտեղ ՄԻԵԴ-ը ընդգծել էր, որ կրոնական կազմակերպության ներքին կառուցվածքը և անդամության վերաբերյալ կարգավորումները պետք է դիտարկվեն որպես գործիքներ, որով տվյալ կազմակերպությունն իրականացնում է իր հավատի և կրոնի ազատության իրավունքը։ Մենք պարզապես աշխատանքային պայմանագրային հարաբերություններից չենք խոսում․ այս մարդկանց որոշակի դիրք զբաղեցնելը կազմակերպության մեջ բխում է կրոնի ազատության իրավունքից»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment