Խաղաղության մրցանակը, Ջեյ Դի Վենսը, ապա՝ անվտանգությունը․ ԱՄՆ-ն հաստատվում է Հարավային Կովկասում

Խաղաղության մրցանակ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի աննախադեպ այց տարածաշրջան․ մի քանի օրվա տարբերությամբ այս իրադարձությունները լինելու են հանրության ուշադրության կենտրոնում։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում տեղի է ունենալու «Մարդկային եղբայրության» մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներից են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։

Ակնհայտ է, որ սա հերթական առիթն է եթե ոչ պաշտոնական, ապա գոնե ոչ ֆորմալ պայմաններում՝ այսպես ասած ոտքի վրա շփվելու համար։ Փաշինյանն ու Ալիևը անկասկած քննարկելու թեմաներ կունենան, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այժմ պատրաստվում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցին։ Անկախ Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ-ից Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եղել են ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը՝1992 թվականին և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Վերջինս Հայաստան է այցելել երկու անգամ՝ 2010 և 2012 թվականներին:

Հայաստանի կառավարությունը հաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին կլինի Աբու Դաբիում՝ Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության» մրցանակը ստանալու համար։ 2026-ի Եղբայրության մրցանակին ավելի քան 90 երկրի 350 հավակնորդներից արժանացել է երեք գործիչ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը, ինչպես նաև Աֆղանստանում կանանց կրթության ոլորտում գործունեություն ծավալող մի ակտիվիստ։  

Մրցանակաբաշխության կոմիտեն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես  խաղաղությանը, երկխոսությանը, հակամարտությունների լուծմանն ուղղված գործընթաց։

Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին վարչապետ Փաշինյանի՝  այս համաձայնագիրը կյանքի կոչելուն ուղղած քայլերն օրինակելի է համարում շատ հակամարտությունների լուծման համար։ 

Մրցանակաբաշխության մեկնարկից՝ 2019 թվականից ի վեր «Զայեդ»-ի մրցանակակիրների թվում են եղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ, քենիացի խաղաղարար, աշխարհահռչակ սրտաբան, սննդի տեսքով օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը, այլք։  

Այս հունվարին, երբ Հայաստանի վարչապետը մրցանակի գլխավոր քարտուղարին  հյուրընկալել էր Երևանում, վերջինս հատուկ ընդգծել էր խաղաղության ուղղված  ջանքերը Հայաստանում և Հայաստանից դուրս։

Բազմիցս նշվել է, որ այդ առումով առանձնակի ներդրում ունեն Միացյալ Նահանգների վարչակազմը և անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան աջակցության մասին խոսելիս վարչապետը հանդիպման ժամանակ օգտագործել էր նաև «խաղի կանոնների փոփոխություն» ձևակերպումը։ Դրա արդյունքում է տարածաշրջանն այժմ պատրաստվում  նոր իրադարձության՝ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի  այցին։ Այս այցի մասին իրենց հասած տեղեկությունները հրապարակող  քաղաքական գործիչները պնդում են, որ սկզբում ծրագրվում էր Վենսի միայն հայաստանյան այց, բայց ընթացքում այն փոխվել է տարածաշրջանայինի՝ ընդ որում՝ Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպումից հետո։     

ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին առաջիններից մեկը տեղեկացնող «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն այժմ էլ պնդում է, որ ԱՄՆ փոխնախագահի այցն ունի  օրակարգային մի քանի կետ։ Վենսի այցի նպատակների մասին օրեր առաջ գրել էր նաև նախագահ Թրամփը։

TRIPP-ի մեկնարկին միտված կոնկրետ քայլերը, բնական է, առաջնային են։ Դրանց թվում  նշվում է ծրագրի պատասխանատու ընկերության հիմնումը, կառավարման և վերահսկողության կանոնների սահմանումը, ֆինանսավորման աղբյուրների ու պայմանների հստակեցումը, անվտանգության ռիսկերի գնահատումը և շինարարությունը փուլ առ փուլ սկսելու լիարժեք ծրագրումը։ Ըստ Բաբաջանյանի՝ այս հարցում հայկական ու ամերիկյան կողմերը գնացել են փոխադարձ զիջումների․

«Մինչև վերջերս փնտրվում էր այն երկիրը, որը պետք է աշխատուժ և կարողություն բերի Հայաստան։ Միացյալ Նահանգներն ուզում էր, որ դա լիներ Թուրքիան։ Հայաստանը ասաց` ոչ, մենք չենք կարող թույլ տալ, որ թուրքերը գան այստեղ TRIPP կառուցեն։ Այլ երկիր կարող էր լինել Չինաստանը, Միացյալ Նահանգները ասաց` չենք կարող մենք չինացիներին թույլ տալ, որ այս ռազմավարական նշանակության օբյեկտը կառուցի։ Ի՞նչ արվեց։ Այս պահին Էմիրաթները ընտրվել են որպես միջանկյալ լուծում և նրանք ունեն համապատասխան և՛ կարողություն, և՛ վստահություն թե՛ Հայաստանի կողմից և թե՛ Միացյալ Նահանգների, որպեսզի գան սկսեն այդ աշխատանքները»։

Հայ-թուրքական սահմանը, ըստ տեղեկությունների, նույնպես լինելու է ԱՄՆ-ի փոխնախագահի այցի ուշադրության կենտրոնում։ Ռազմավարական հարցերից են լինելու նաև խաղաղ միջուկային համագործակցություն ու բարձր տեխնոլոգիաները՝ կիսահաղորդիչներ և արհեստական բանականություն։

Ըստ Բաբաջանյանի՝ «Ըստ էության, ոչ թե մեկ, մի քանի ատոմային էլեկտրակայանների մասին կարող է խոսք լինել՝ փոքր և միջին հզորության, որոնք կարող են մեր բոլոր կարիքները բավարարել։ Այստեղ շատ էական է, որ մենք տեսնենք, թե ինչ ենք անում հարավում։ Հարավում պղինձ կորզելու համար ահռելի էլեկտրաէներգիա գեներացնելու կարիք կա։ Նման մի անհրաժեշտություն ունենք նաև կիսահաղորդիչների ռեգիոնալ ծավալների համար, որը այս պահին Գագարինի հատվածում է սկսել կառուցվել։ Հրազդանը դառնում է ռեգիոնալ մեծ կիսահաղորդիչների կլաստեր, այդպես ասեմ»։

Ըստ քաղաքական գործչի՝ այս քայլերով և հաշվարկներով փորձ է արվելու բարձրացնել Հայաստանի անվտանգությունը․ անվտանգության և տևական խաղաղություն հաստատելու հաշվարկն արել է հենց ամերիկյան կողմը։

«Տարածաշրջանում ոչ մի տեղ կիսահաղորդիչների այն ծավալը, որ մենք հիմա պատրաստվում ենք այստեղ արտադրել, նախատեսված չէ ո՛չ միջնաժամկետ հեռանկարում, ո՛չ ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Հայաստանն է լինելու ռեգիոնում այն դատա-բազան, որը կուտակելու է այդ տեղեկությունները, և մենք կիսահաղորդիչների այդ հսկա կարողություններն ենք ձեռք բերում։ Սա հավելյալ անվտանգություն է ապահովում, էլ չասած՝ TRIPP-ը»։

Փոխնախագահ Վենսի այցից հաշված օրեր առաջ վերլուծաբանները ենթադրում են, որ այցը Հարավային Կովկասում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման նպատակ ունի։  Միջազգայնագետի գնահատմամբ՝ TRIPP-ը այս փուլում դեռ ապահովում է ԱՄՆ-ի բիզնես ներկայությունը  տարածաշրջանում, սակայն բիզնես ներկայությունը կարող է վերաճել ռազմավարական ներկայության, մի բան, որը երբևէ գոյություն չի ունեցել։

Ակնկալիք կա, որ Վենսի այցը կարագացնի  Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված Խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նման մի ակնարկ արդեն հնչել է Բաքվից։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հնարավոր էր համարել, որ մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները, այսինքն` մինչև հունիս, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։ Պատգամավորն, իհարկե, մասնավորեցրել է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե «Հայաստանը պարտավորվի  իր նոր Սահմանադրության տեքստում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները բացառել»։ Բաքվի նման պնդումները պաշտոնական Երևանը մշտապես անհիմն է համարել։

Ուշագրավ է, որ Վենսի այցից առաջ թեկուզ ոչ պաշտոնական շփումների հնարավորություն Փաշինյանն ու Ալիևը դեռ ունեն՝ փետրվարի 4-ին Աբու Դաբիում «Եղբայրության մրցանակը» ստանալիս։

Leave a Comment