ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորում է Հայաստանի էլեկտրահամակարգի սինքրոնացումը 4 հարևան երկրների՝ Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
«Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա»,-ասել է նա։
Խուդաթյանը պատմել է՝ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում քննարկվել է, որ տեխնիկապես այդ գործընթացը հնարավոր է իրականացնել։
Ինչ վերաբերում է Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը, Խուդաթյանը հայտնել է, որ անցած տարի Հայաստանը կայուն էլեկտրաէներգիա է մատակարարել Իրան, իսկ այնտեղից ստացել է բնական գազ։ Բայց Իրանի հետ ՀՀ էներգետիկ ցանցը դեռևս միասնական չէ։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ գծի կառուցմանը, ապա, ըստ Խուդաթյանի, առաջընթաց կա նաև այս առումով հայտարարված մրցույթներում։ Նրա համոզմամբ՝ 2026 թվականի ընթացքում արդեն շինարարների հետ պայմանագիր կկնքվի, միջազգային ընկերությունների ներգրավմամբ աշխատանքները կմեկնարկեն։