Պարոնա՛յք հայ «մտավորականներ», սա ձեզ ուղղված մեղադրանք չէ, այլ փաստացի աղետալի ախտորոշում. Գոռ Գևորգյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Եկեղեցու դեմ «ջանասիրաբար» շարունակվող հալածանքի հարցում, և ոչ միայն, ներհասարակական ամենախնդրահարույց հարցերից է շարունակում մնալ (գոնե ինձ համար) արդի հայ «մտավորականության» կամ «ինտելիգենցիայի» հավաքական անտարբեր կեցվածքը. բավական է պարզապես հետևել լրահոսին կամ արդի խառնագրիչների «մտքերի գոհարներին»:

Ֆյոդոր Դոստոևսկին, իր «Դևերը» վեպում գրում է, թե «…ինտելիգենցիայի ողբերգությունն այն է, որ նա չար չէ, բայց անպատասխանատու է: Նա խաղում է գաղափարների հետ՝ չհասկանալով դրանց հետևանքները: Գաղափարների համար պատասխանատվությունը նույնքան ծանր է, որքան արարքների համար: Հենց այդ պատճառով էլ ինտելիգենցիան է պարարտ հող ստեղծում իր նույնանուն «Դևերի» համար»:
Ցավալիորեն, բայց 44-օրյա պատերազմից, Արցախի կորստից և հայաթափումից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հարձակումների և մեր պետությունը ներսից կեղեքող արատավոր այլ երևույթների հարցում հարկավոր է արձանագրել, որ`
– հայ «մտավորականությունը» շարունակում է դիրքավորվել ոչ ավելին, քան որպես զուտ «սոցիալական առաքելության» կրող միավոր,
– հայ «մտավորականությունը», ձեռնպահ է մնում արժեհամակարգային, հասարակությունը պառակտող և գոյաբանական հարցերի շուրջ իշխանություններին քննադատելու իր բարոյական պատասխանատվությունից,
– հայ «մտավորականությունը» խուսափում է պատմություն-ազգ-պետություն եռանկյունու միջև կապող կամուրջ լինել,
– հայ «մտավորականությունը» չի գիտակցում, որ իր պայմանական կարգավիճակը լոկ կոչում չէ, և ոչ էլ մասնագիտություն, այն` տվյալ ժամանակահատվածի պատմական առաքելություն է, ծանր, բայց պատվաբեր և պատգամակիր:
Հայաստանը պաշարած ներքին ու արտաքին մարտահրավերների և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հալածանքների օրվա հրամայական հարցերի շուրջ, որևէ կերպ չի հնչում հայ «մտավորականության» կոլեկտիվ բարոյականության հառաչը, որևէ կերպ չի դրսևորվում օրինակելի դիրքորոշումը:
Ավելին, հայ «մտավորականությունը» պառակտվել է փորձագետների, ակտիվիստների և մեկնաբանների ավտոնոմ խմբերի՝ շարունակելով մնալ մեր իրականության ամենախորը խնդիրներից դուրս։
Հայաստանն, առավել քան երբևէ, հավաքական մտավորականության դիրքորոշման օրհասական կարիքն ունի, մանավանդ առաջիկա Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Պարոնա՛յք հայ «մտավորականներ», սա ձեզ ուղղված մեղադրանք չէ, այլ փաստացի աղետալի ախտորոշում:

Հ.Գ. Կարծում եմ տեղին կլինի, եթե օրվա իշխանությունները «եկեղեցական բարենորոգում» զավեշտալի կոչվածը, փոխարինեն հայ «մտավորականների կամ ինտելիգենցիայի բարենորոգում» ձևակերպմամբ և պիլոտային ծրագրով փորձեն հանրային ուսումնասիրություն կատարել:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment