Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը չի փոխի իր կողմնորոշումը՝ հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության կրճատում կամ մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնել ցանկացող միավորումների և դաշինքների չափանիշներին անցում», – նշել է նախարարությունը։
Նախարարությոան հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ռուսական կողմը «բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները»։
«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված է սառը հաշվարկ», – ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է եղել, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որը, եթե սեղմվի, կարող է օգտագործվել մեր երկրին վնասելու համար»։