Բիթքոինի անկումը․ գլոբալ ֆինանսական անորոշությունից մինչև հայկական շուկայի ռիսկեր

Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթը՝ բիթքոինը (Bitcoin), կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Դրա փոխարժեքն էական անկում է ապրել՝ իջնելով մինչև 77–80 հզր դոլարի։ Միջազգային վերլուծաբանները կարծում են, որ տեղի է ունենում շուկայի հերթական ուղղում, որը պայմանավորված է միաժամանակ մակրոտնտեսական, քաղաքական և ֆինանսական մի շարք գործոններով։ Գլոբալ շուկայի այս շարժերը իրենց անդրադարձն են գտնում նաև Հայաստանում՝ վեր հանելով կրիպտոարժույթների կարգավորման, ռիսկերի և հնարավորությունների հարցերը։

Բիթքոինի փոխարժեքի անկումն առաջին հերթին պայմանավորված է մակրոտնտեսական անորոշությամբ և Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգի վարած քաղաքականությամբ։ Ըստ համաշխարհային ֆինանսական վերլուծաբանների՝ տոկոսադրույքների հնարավոր խստացման սպասումները ներդրողներին ստիպում են նվազեցնելու ռիսկային ակտիվների մասնաբաժինը։ Ֆինանսական ուղղվածության միջազգային լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին օրերին Միացյալ Նահանգների բորսաներից բիթքոինով դուրս է բերվել մոտ 1,34 մլրդ դոլար, որը ցույց է տալիս ռիսկային ակտիվներից մեծ խաղացողների հեռանալու միտումը։ Իրավիճակը մեկնաբանում է BitMEX հարթակի համահիմնադիր Արթուր Հեյսը․

«Բիթքոինը այսօր սերտորեն կապված է դասական ֆինանսական շուկաների հետ։ Երբ շուկաներում գերիշխում է ռիսկից խուսափելու միտումը, բիթքոինը նույնպես անկում է ապրում»։

Բիթքոինի արժեզրկումը ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանում։ Տնտեսական ուղղվածության հայկական լրատվամիջոցները նշում են, որ այդ արժույթի անկումը զգացվում է նաև դրամով հաշվարկված արժեքի վրա, և դա մտահոգում է տեղական ներդրողների մի մասին։ Ոլորտին քաջածանոթ մասնագետները բազմաշերտ են համարում կրիպտոարժույթների անկման վրա ազդող գործոնները։

Ներդրումային խորհրդատու Արեն Ապիկյան. «Թրամփը քանի որ բիզնեսմեն է, և իրեն փոխկապակցված շատ կազմակերպություններ կան, որոնք շատ ակտիվ են հատկապես կրիպտոարժույթների շուկայում, որովհետև Թրամփի տղան ինքը կրիպտոյի ամենամեծ ջատագովներից է։ Ես համարյա 100 տոկոսանոց վստահություն ունեմ, որ դա էլ է գործոն, այսինքն՝ իրենք ունեն ինֆորմացի, որին մենք չենք տիրապետում»։  

Թվային ֆինանսների ոլորտի փորձագետ Անդրանիկ Տողրամաջյանը Թրամփի հայտարարություններն է համարում այն գործոններից մեկը, որոնք ազդում են կրիպտոարժույթների վրա։ Փորձագետը մանրամասնում է.

«Քանի որ բոլոր բորսաները չինական արմատներ ունեն, ԱՄՆ բոլոր ինստիտուցիոնալ մեծ ինվեստորները կամ ներդրումային խմբերը վախ ունեն, որ եթե Թրամփը կտրում է հարաբերությունները Չինաստանի հետ, ապա բոլորը պետք է այնտեղից փողը հանեն»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը միջազգային կրիպտո շուկային ինտեգրվելու ներուժ ունի, սակայն նման տատանումները ցույց են տալիս, որ առանց հստակ և հավասարակշռված կարգավորման, ոլորտը մնում է բարձր ռիսկային։

Արեն Ապիկյանը, սակայն, նշում է, որ կոնկրետ բիթքոինը այսօր ամենատարածված և ամենահայտնի կրիպտոարժույթն է, որը շատ երկրների համար արդեն դառնում է  ռեզերվային արտարժույթի նման մի բան։ Բիթքոինն առաջին անգամ չէ, որ կտրուկ կերպով արժեզրկվում է։ Սակայն դրան հաջորդել են գնի բարձրացումներ։ Փորձագետը պատահական չի համարում, որ մի շարք երկրներ արդեն ընդունել են բիթքոին ռեզերվ ստեղծելու մասին օրենք կամ, ընդհանրապես, կրիպտոարժույթների մասին օրենքներ։ Ըստ նրա՝ Հայաստանն էլ է այդ ճանապարհն ընտրել։

Կրիպտոարժույթով ռեզերվ ունենալու մասին դեռ խոսք չկա, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են քննարկել կրիպտոարժույթների շրջանառության վերահսկման մեխանիզմները՝ շեշտադրելով թափանցիկության և ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը։ Դրա համար նաև օրենք է ընդունվել։ Այդ առթիվ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսպիսի համոզմունք է հայտնել.

«Հնարավորություն կտա ստեղծելու ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները»։

Օրենքի ընդունման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր դիտարկումն էր արել.

«Սա, ըստ էության, կրիպտոարժույթների ոլորտի կարգավորման մեր առաջին փորձն է։ Մենք այդպիսի որևէ կարգավորում չենք ունեցել։ Պիտի միանգամից ասեմ, որ կարգավորումը չի լինելու կատարյալ։ Բայց մենք պետք մտնենք՝ ոլորտը կարգավորելու։ Քաղաքականություն որդեգրենք, որովհետև ինչքան էլ չնկատելու տանք, դրանք գոյություն ունեն և, ոնց որ թե իրենց գոյությունը գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում»։

Հայաստանի կառավարությունը դեռ 2025 թ․ փետրվարին էր համապատասխան օրենքում փոփոխություններ կատարել։ Փորձագետները նկատում են, որ կրիպտոարժույթները շարունակում են մնալ բարձր ռիսկային ակտիվներ, որոնք զգայուն են աշխարհաքաղաքական և տնտեսական յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ։

Leave a Comment