«Իհարկե, կբավարարի, կալանքի ժամկետը կերկարաձգի։ Դատարաններն արդեն շատ կանխատեսելի են», – Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագը՝ անդրադառնալով Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու լուծարվեց գնդերեցության ծառայությունը, սարկավագը պատասխանեց, որ շատ կարևոր էր գնդերեցների ներկայությունը բանակում։ Ըստ նրա՝ բազմաթիվ ինքնասպանության փորձեր են կանխվել գնդերեցների կողմից․
«Առողջացնող դեր ունեին գնդերեցները հոգևոր ու կենցաղային առումով բանակում։ Քրիստոսն ասում է՝ ծառը պտուղներով է ճանաչվում, գործով պետք է ճանաչենք մարդկանց։ Իրենց քրիստոնյա ու Հայ եկեղեցու հետ որդի են համարում, բայց նույն եկեղեցին, որին իրենց մայրն են համարում, դուրս են հանում բանակից։ Նրանք մեր եկեղեցու անդամներ չեն, իրենց գործով ցույց են տալիս, որ հակառակ են եկեղեցուն»։
Սարկավագն ասաց, որ լսել է՝ գնդերեցներին կանչել են և յուրաքանչյուրի առաջ ինչ-որ խնդիրներ են դրել, որպեսզի միանան իրենց շարժմանը․
«Այս ամենի տրամաբանության մեջ տեղավորվում են այդ լուրերը, քանի որ չի հաջողվել գնդերեցներին միացնել իրենց տխրահռչակ շոուին, ստիպված որոշել են գնդերեցների ինստիտուտը ցրել»։
Անդրադառնալով Միքայել սրբազանի առողջական վիճակին՝ սարկավագն ասաց, որ Միքայել սրբազանն ունի առողջական խնդիրներ, որոնց անդրադառնալու են բժիշկները, սակայն մանրամասներ չի կարող հայտնել։
Հիշեցնենք, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Մամուլն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։
Հիշեցնենք, որ Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո մակագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Միջնորդության քննությունը սկսվել է այսօր՝ երեկոյան։
Հիշեցնենք նաև, որ Արշակ սրբազանի նկատմամբ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին կիրառվել էր երկամսյա կալանք։ Իսկ Վերաքննիչ դատարանը այս տարվա հունվարի 12-ին մերժել էր պաշտպանական թիմի վերաքննիչ բողոքը և Արշակ սրբազանին թողել երկամսյա կալանքի մեջ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: