Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի լուծարման հրամանագիրն առ ոչինչ է ճանաչվել․ փաստաբան

«Կայացվել է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ, սակայն դատարանը կատարել է մի քանի կարևոր արձանագրում»,- ասուլիսում ասել է Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը՝ խոսելով Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի՝ Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով կայացրած վճռի մասին։

Ռ. Երիցյանը նշել է, որ դատարանն արձանագրել է ամենակարևոր փաստը. «Ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումը ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող, առոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»։

«Առաջին կարևոր հանգամանքը՝ դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ներքո։

Այսինքն, դատարանն անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի տակ»,-  ասել է Երիցյանը։

Ըստ նրա, դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ, դասագրքում  տեղ գտած տեղեկություններն ոչ ամբողջական են, նշել է, որ հայցվորի մտահոգությունները տեղին են, իրավաչափ։
Ռոման Երցյանը կարևորել է նաև դատարանի մեկ այլ արձանագրում. «Դատարանն արձանագրել է, այսինքն մենք ունենք Հայաստանի արդարադատությունն իրականացնող մարմնի կողմից  կայացված դատական ակտ,  որով հաստատվում է՝  Արցախի նախագահի կողմից այսպես ասած,  կայացված  Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է։ Դատարանը հստակ արձանագրել է՝ անվավեր է հենց կայացման պահից»։

Leave a Comment