Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթը, որը լույս է տեսնում 1920թ. դեկտեմբերից, նշել է հիմնադրման 105-ամյակը: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում թերթը կատարել է իր առաքելությունը եւ այսօր էլ շաբաթական 4000 տպաքանակով տարածվում է Վրաստանի հայաբնակ շրջաններում:
Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարանի գիտաշխատող, 2003-2019 թվականներին՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդական Նինո Ափցիաուրին ժամանակին «Վրաստան» թերթը որակել էր յուրօրինակ ուղեցույց, որն օգնում է հայերին պահպանել ազգային ինքնությունը, Վրաստանի շահերը, իրացնել սեփական քաղաքացիական իրավունքներն ու կատարել պարտականությունները:
Թերթի հիմնադրման 105-ամյակի առիթով «Վրաստան» թերթի խմբագրությանը եւ հավատարիմ ընթերցողներին շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա մասնավորապես նշել է, որ մեկդարյա լրատվամիջոցը հաջողությամբ եւ բարձր չափանիշներով շարունակում է իր առաքելությունն ու նպաստում հասարակությունում խաղաղության ու հանդուրժողականության միջավայրի ամրապնդմանը, ու այդ գործում գլխավոր խմբագրի՝ Վան Բայբուրթյանի եւ խմբագրության յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն արժանի է գնահատանքի:
Թերթին շնորհավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի ժուռնալիստների միության նախագահ Գիորգի Մամացաշվիլին, բազմաթիվ այլ պետական, հասարակական, մշակութային գործիչներ:
Նշենք, որ 1978 թվականից Վրաստանում շնորհվում են Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչումներ, եւ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրթը Վրաստանի 5 հայազգի քաղաքացիներից մեկն է, որին շնորհվել է այդ պատվավոր կոչումը:
«Առավոտը» միանում է «Վրաստան» թերթին ուղղված բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում հաջողություններ՝ կարեւոր առաքելության իրականացման ճանապարհին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: