«Արցախի Հանրապետության Ներդրումային հիմնադրամում կան ահռելի թվերի հասնող միջոցներ, որոնք այս պահին սառեցված են։ Արցախբանկի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Ներդումային հիմնադրամին։ Հարց է առաջանում՝ Արցախբանկի բաժնետոմսերի հարցն ինչպե՞ս է լուծվելու կամ սառեցված միջոցներն ընդհանրապես ի՞նչ ճակատագրի են արժանանալու։ Ներդրումային հիմնադրամը Հայաստանում չի կարողանում գրանցվել որպես սուբյեկտ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշեց, որ Ներդրումային հիմնադրամի միջոցներով Հայաստանում կարելի է մի փոքրիկ Արցախ կառուցել, բայց այդ միջոցները չեն հատկացնում արցախցիներին, դրա փոխարեն աջակցության ինչ-որ ծրագրեր են իրականացնում։ «Բայց եկեք արձանագրենք՝ մինչեւ հիմա բոլոր քաղաքական հետապնդումները, որոնք տարվել են արցախցիների նկատմամբ, ի վերջո վախճանվել են։ Օրինակ՝ Ստեփանակերտի քաղաքապետն արդարացվեց, ավագանու բոլոր անդամներն արդարացվեցին»,- նշեց Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարներին՝ փաստաբանն ասաց․ «Արցախցիների կուտակային կենսաթոշակը, որի ընդհանուր գումարը շատ-շատ մեծ է, տասնյակ միլիարդների մասին է խոսքը, այս պահի դրությամբ հափշտակված է ՀՀ կողմից։ Այս կապակցությամբ նաեւ ՍԴ է դիմում հասցեագրված։ ՀՀ-ն, որը դրա նկատմամբ որեւէ իրավասություն ունենալ չէր կարող, փաստացի հափշտակել է»։
Նա նշեց, որ Արցախի քննիչները, դատախազները, դատավորները, ԴԱՀԿ աշխատակիցներն այսօր մասնագիտական կենսաթոշակ չեն ստանում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: