«ՀՀ-ի հետ սահմանի բացումն Իգդիրը կարող է դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն». թուրքական ԶԼՄ

Թուրքական «Igdirhaber» կայքում հրապարակվել է Ռուֆաթ Գյուրելի՝ «Իգդիրի վերելքը սահմանների բացման դեպքում» հոդվածը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի հետ Ալիջան սահմանային անցակետի հնարավոր բացումը, Իգդիրի օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալը և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու կառուցումը կարող են քաղաքը դարձնել միջազգային լոգիստիկ կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում առանձնահատուկ շեշտվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկումը, որը, ըստ հեղինակի, կխթանի թյուրքական աշխարհի տնտեսական ինտեգրումը և կձևավորի Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող ժամանակակից «Մետաքսի ճանապարհ»։

Հեղինակը նաև անդրադարձել է թուրք-իրանական սահմանի բացմանը։ Նա նշել է, որ ակնկալվում է նաև Թուրքիայի և Իրանի միջև Բորալան սահմանային անցակետի բացումը, ինչի արդյունքում Իգդիրը երեք երկրի հետ ցամաքային կապերով, երկաթուղով և օդային հաղորդակցությամբ կարող է վերածվել լոգիստիկ, առևտրային և զբոսաշրջային կենտրոնի։ Միաժամանակ շեշտել է, որ ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ անհրաժեշտ է հասարակության պատրաստվածությունը։

Հեղինակը կոչ է անում պետական կառույցներին, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակությանը և սփյուռքին համատեղ աշխատել՝ բնակչությանը պատրաստելու սպասվող սոցիալ-տնտեսական փոփոխություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մասնագիտական կադրերի պատրաստման կարևորությանը, հատկապես լոգիստիկայի, միջազգային առևտրի, ծրագրավորման և օտար լեզուների ոլորտներում։

Վերջում հեղինակը զգուշացնում է, որ սահմանների բացմամբ պայմանավորված տնտեսական աշխուժացումը կարող է ունենալ նաև սոցիալական ռիսկեր։ Եթե մշակութային ինքնությունը և արժեքային հիմքերը չպահպանվեն, արագ փոփոխությունները կարող են հանգեցնել հասարակական քայքայման։ Այդ պատճառով առաջարկվում է հավասարակշռված քաղաքականություն՝ համատեղելով տնտեսական զարգացումն ու մշակութային ինքնության պահպանումը։

Leave a Comment