Կրթական հաստատություններում ամենահաճախ հանդիպող խախտումները

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում առանձնացրել է կրթական հաստատություններում ամենահաճախ հանդիպող խախտումները: Նրա խոսքով, նախադպրոցական կրթության ոլորտում դրանք հիմնականում վերաբերում են զարգացնող միջավայրին, համակազմի ճիշտ ձևավորմանը, տարիքային խմբերին, մանկավարժների համալրմանը:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ, դպրոցներում ամենահաճախ հանդիպողը տնօրենի աշխատանքային գործառույթների, մասնավորապես դրանից բխող բարոյահոգեբանական մթնոլորտի, մանկավարժների որակավորմանը վերաբերող խախտումներն են. «Դպրոցներում ունենք բուլինգի դեպքեր: Բուլինգի դեպքերի թվի աճը, ըստ էության, ուղիղ համեմատական է բուլինգի և բռնության վերաբերյալ շահառուների՝ սովորողների, ծնողների և մանկավարժների կողմից տվյալ երևույթի տեղեկացվածության աճին»:

Մասնագիտական կրթության ոլորտում, Վաղարշակ Մատիկյանի խոսքով, խախտումները հետևյալ պատկերն ունեն. «Խախտումների ամենահաճախ հանդիպող խումբը վերաբերում է տնօրենի աշխատանքային գործառույթներին, երկրորդ տեղում է պարտադիր կրթության ապահովումը, որը որոշ ուսանողների դեպքում խախտվել է տնօրենի՝ օրենսդրությանը ոչ համապատասխան գործելու հետևանքով: 

Մասնագիտական կրթության ոլորտում մենք կիրառում ենք նաև հարցաթերթեր, որոնք տրվում են ուսանողներին՝ հասկանալու համար ուսուցման գործընթացից նրանց բավարարվածությունը: Մենք ունենք այնպիսի դժգոհություններ, ինչպիսիք են գրադարանի համալրվածության խնդիրը, տեսական և գործնական պարապմունքների անհամամասնությունը: Այսինքն` խնդիր կա, որ գործնական աշխատանքների համամասնությունը մասնագիտական կրթության ոլորտում մոտ լինի տեսականին:

Մենք նաև հարցումներ ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հետ համագործակցող սոցիալական գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե ուսուցման գործընթացին զուգահեռ որքանով է ադեկվատ կազմակերպվում ուսանողների աշխատանքային գործունեությանը նախապատրաստելու գործառույթը, որը նույնպես գտնվում է ուսումնական հաստատության լիազորությունների ներքո»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment