«Եթե խաղաղության գործընթացն Արցախի ներկայացուցչության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի շենքի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի»

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքից Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով․ «Մենք դատարանին գրել ենք, հարցնում ենք՝ ո՞վ է գրանցված իրավատերը, սեփականության վկայականով ով հանդիսանում է այդ սեփականության իրավունքի գրանցման հասցեատեր, նրան էլ ներգրավեք որպես երրորդ անձ։ Բայց դատարանը, տեսնելով, որ այնտեղ նշված է ԼՂՀ կառավարության անունը, ոչ Արցախի Հանրապետությանն է սուբյեկտ համարում, ոչ էլ ԼՂՀ կառավարությանը։ Ի՞նչ հետեւանքներ է դա առաջացնում՝ մենք զրկվում ենք մեր՝ լսված լինելու իրավունքից, զրկվում ենք վարչական դատավարությանը մասնակցելուց իրավունքից։ Մենք չենք կարողանում անգամ որեւէ փաստաթուղթ ներկայացնել։ Ինչո՞ւ են այսպես անում, որովհետեւ եթե դատավոր Զարիկյանը կայացրեց հայցը բավարարելու վերաբերյալ վճիռ, ես որեւիցե ձեւ դա չեմ կարողանալու բողոքարկել։ Այսինքն՝ ինչ Զարիկյանը որոշեց, այդպես մնալու է։ Ամփոփ ասած՝ քննվում է անձին սեփականազրկելու վերաբերյալ հարց՝ առանց այդ անձին մասնակից դարձնելու։ Այդ նույն տրամաբանությամբ բոլորս կարող ենք սեփականազրկվել»,- ասաց Երիցյանը։

Այս գործով վերջնական դատական ակտը կհրապարակվի մայիսի 22-ին։ Ռոման Երիցյանը նշեց, որ դատախազության հայցն ակնհայտ անհիմն է։ «Լավ, եթե այդպիսի սուբյեկտ չկա, վկայականում ինչո՞ւ է գրված՝ Արցախի Հանրապետության կառավարություն, ո՞ր պահից է որոշվել, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Մինչեւ 2023 թվականի սեպտեմբերը, եթե դա ընդունում էիք, ի՞նչ է փոխվել 2023 թվականի սեպտեմբերից հետո։ Ես կարծում եմ, որ արցախցիներին ՀՀ քաղաքացի չհամարելու պետական քաղաքականությունը պայմանավորված է հետեւյալով՝ Հայաստանը Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Եթե Հայաստանը արցախցիներին ճանաչի ՀՀ քաղաքացիներ, լուրջ խնդրի առաջ կկանգնի միջազգային ատյաններում, որովհետեւ Ադրբեջանը կարող է անգամ հայց ներկայացնել ՀՀ դեմ։ Բայց սրա մասին պետք էր մտածել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունները կատարելիս»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոման Երիցյանը նշեց, որ ՀՀ իշխանությունների այս որոշումը՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չընդունելու վերաբերյալ, հետագայում շատ ծանր ու անդառնալի հետեւանքներ է առաջացնելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Եվ Ադրբեջանը կարող է հղում կատարել այսպիսի որոշումներին։

«Սա միգուցե իրենք փորձեն ներկայացնել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց եթե խաղաղության գործընթացն Արցախի ներկայացուցչության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի շենքի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։ Ես հիշեցնեմ, որ այս շենքը ժամանակին հանդիսացել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի մշտական տեղակայման վայր։ Ադրբեջանի նախագահը շատ մեծ շուքով օր է նշանակել, նշել են Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդել են ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված ուսումնասիրությունները։ Եվ ՀՀ ԱԱԾ-ն զեկուցագիր է ներկայացրել դատախազությանը, որի հիման վրա էլ հայց են ներկայացրել Վարչական դատարան»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment