PanARMENIAN.Net – «Մարդն առանց ծով չի կարող ապրել»․ Սա էր Հովհաննես Այվազովսկու արձագանքը, երբ 8 տարեկանում հորից իմացավ, որ կան երկրներ, որտեղ ծով չկա։ Այն ժամանակ տղան գուցե չգիտեր, որ իր պատմական հայրենիքը վաղ անցյալում ծովից ծով է եղել, բայց արդեն վաղուց «ապրում է առանց ծով»։ Ու այսպես՝ անծով հայրենիքի ծովանկարիչը ստեղծեց կտավներ, որոնք շունչը կտրվելու չափ իրական են։
Ու ի դեպ, այլևս կարիք չկա երևակայությամբ նավարկել Այվազովսկու կտավներում։ Հենց այսօր ու հենց Երևանում բացառիկ հնարավորություն ունենք խորտակվելու մեծ ծովանկարչի անեզր երևակայության, տաղանդի ու ծովի ալիքների մեջ։
Գուցե արդեն հասցրել եք լսել, թե ինչպես է ձեր արվեստասեր ընկերներից մեկը ոգևորված պատմում Այվազովսկու կտավների միջով իր ճամփորդության մասին։ Ու երևի մտածել եք, որ ձեր ընկերն արդեն չափից շատ է տարվել արվեստի աշխարհով և նրա աչքին սկսել են ինչ-որ պատկերներ երևալ։ Եթե չեք հավատում ձեր ռոմանտիկ ընկերոջը, ապա պրագմատիկ լրագրողի հիացմունքին պետք է հավատալ։
Այվազովսկու ալիքներով նավարկելու համար շատ հեռու գնալ պետք չէ։ Ընդամենը ընտրեք ձեզ հարմար օր ու ժամ և գնացեք Աբովյան 16։ Արվեստասերները լավ գիտեն, որ սա Հայաստանի նկարիչների միության հասցեն է։ Բայց հասցեից բացի ուրիշ ոչ մի բան ձեզ չի հիշեցնի, որ Երևանում եք, ավելին՝ 21-րդ դարում։ Ցուցասրահ մտնելու առաջին իսկ րոպեից կարծես ժամանակի մեքենայի օգնությամբ ձեր բոլոր զգայարաններով տեղափոխվում եք այլ իրականություն։
510 քմ ցուցասրահը, բոլոր կողմերից շրջապատող 4 մետր բարձրությամբ էկրանները, լուսաձայնային, անիմացիոն լուծումները ստեղծում են տպավորություն, թե անեզր ծովը ձեզ ուղեկցում և հասցնում է Այվազովսկու ամենահայտնի կտավների խորքերը։ Այվազովսկու շուրջ 300 ստեղծագործություն անիմացիոն մեկնաբանությամբ կենդանանում են ու բացահայտում ծովանկարչի գեղարվեստական լեզուն, նրա գաղափարական ներաշխարհն ու կենսագրական տպավորիչ, հաճախ քիչ հայտնի մանրամասները։
Լույսի, ձայնի, շարժման ու պատկերի համադրությունը թույլ է տալիս «առաջին դեմքով» տեսնել ու ծանոթանալ պատմական ծովամարտերին, Այվազովսկու պատկերած ծովի խաղաղ առավոտներին ու փոթորկոտ գիշերներին։
Ծովանկարչի պատկերային աշխարհում խորասուզվելուց զատ՝ 43 րոպե տևողությամբ այս բացառիկ փորձառությունն օգնում է նոր լույսի ներքո, առավել մտերմիկ ու հարազատ կերպով ծանոթանալ Այվազովսկու կյանքի կարևորագույն դրվագներին։
Այվազովսկու «Իններորդ ալիք» հանրահայտ կտավը, «Սև ծովը», «Ալիքների մեջ» և մյուս կտավները ծովանկարչությունն ազատեցին լոկ «գեղեցիկ» տեսարան ներկայացնելու միտումից։ Նա պատկերում էր ծովը օրվա տարբեր ժամերի՝ արևածագից մինչև մայրամուտ, տարվա բոլոր եղանակներին, ալիքների խաղաղ ու փոթորկոտ ձևերում։ Այդ պատկերներում հստակ ասելիք կար՝ հումանիզմից մինչև հայրենասիրություն։ Դե իսկ ծովամարտի տեսարանները պատմականորեն հավաստի են և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը։
Ինչո՞վ նշանավորվեցին Ղրիմում ապրած տարիները, որո՞նք էին եվրոպական շրջագայության գլխավոր ձեռքբերումները, դիվանագիտական ի՞նչ առատաձեռնությամբ Այվազովսկին արձագանքեց Հռոմի պապի հիացմունքին, ինչպե՞ս ծովանկարչի կտավները հայտնվեցին Լուվրում, ի՞նչ կապ ունի Սան Ստեֆանոյի պայմանագիրը Այվազովսկու կտավների հետ կամ ինչպե՞ս Պուշկինը դարձավ Այվազովսկու ոգեշնչման աղբյուրը։ Այս բոլոր հարցերի պատասխանները կստանաք ինտերակտիվ, թեթև, շատ տպավորիչ ու դինամիկ վիզուալ և ձայնային լուծումների համադրությամբ։
Ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիներին նվիրե՜ք մշակութային այս փորձառությունը վայելելու հաճույքը։ Աշխարհի տարբեր երկրներ այցելելիս սովորաբար փնտրում ու գտնում ենք նմանատիպ ցուցադրություններ ու անպայման ավելացնում մեր մշակութային wishlist-ում։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք բաց թողնել մեր քաղաքում միջազգային չափանիշներով ներկայացված այս ցուցադրությունը։
Ցուցադրության կազմակերպիչ Anima Exhibitions-ը ստեղծվել է ժամանակակից արվեստը նոր ձևաչափով ներկայացնելու գաղափարից։ Կազմակերպության առաջին նախագիծը՝ «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը, որը ներկայացնում էր Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները լույսի, ձայնի և շարժման համադրությամբ, աննախադեպ հաջողություն ունեցավ Հայաստանում։
Ցուցադրության ընթացքում վաճառվեց ավելի քան 24 000 տոմս, ինչի արդյունքում այն դարձավ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ տոմս վաճառած արվեստի ցուցադրություններից մեկը։ «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» ցուցադրությունը հենց այս հաջողված փորձառության շարունակությունն է։
Ու մի բան էլ. Եղանակային պայմանները խոչընդոտ չեն, ընդհակառակը, սա սառը ու դեպրեսիվ եղանակից մեկ ժամով կտրվելու և ծովի ալիքներին փարվելու լավագույն լուծումն է։
Ցուցադրությունը բոլորի համար է։ Նրանց համար, ովքեր սիրում են ուսումնասիրել արվեստը, բայց չեն բավարարվում դրա ավանդական դրսևորումներով։ Նրանց համար, ովքեր տարվա մեջ միայն մեկ անգամ են հասցնում թանգարան գնալ, բայց ուզում են վերսկսել արվեստի հետ իրենց շփումը։ Նաև նրանց համար, ովքեր սիրում են պատմությունների ու զգացողությունների համադրությունը։
Ու ավելորդ է ասել, որ այս ցուցադրությունը հատկապես տպավորիչ է լինելու երեխաների համար, որովհետև սա արվեստը հասկանալու, ուսումնասիրելու ու պարզապես վայելելու ամենապատեհ առիթն ու հնարավորությունն է:
Ցուցադրությունը բաց է ամեն օր՝ 11:00-ից մինչև 21:00-ն, Աբովյան 16 հասցեում՝ Հայաստանի նկարիչների միությունում, և կգործի մինչև ապրիլի 2-ը։
Ծովը սպասում է քեզ։