ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում առանձնացրել է կրթական հաստատություններում ամենահաճախ հանդիպող խախտումները: Նրա խոսքով, նախադպրոցական կրթության ոլորտում դրանք հիմնականում վերաբերում են զարգացնող միջավայրին, համակազմի ճիշտ ձեւավորմանը, տարիքային խմբերին, մանկավարժների համալրմանը:
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ, դպրոցներում ամենահաճախ հանդիպողը տնօրենի աշխատանքային գործառույթների, մասնավորապես դրանից բխող բարոյահոգեբանական մթնոլորտի, մանկավարժների որակավորմանը վերաբերող խախտումներն են. «Դպրոցներում ունենք բուլինգի դեպքեր: Բուլինգի դեպքերի թվի աճը, ըստ էության, ուղիղ համեմատական է բուլինգի եւ բռնության վերաբերյալ շահառուների՝ սովորողների, ծնողների եւ մանկավարժների կողմից տվյալ երեւույթի տեղեկացվածության աճին»:
Մասնագիտական կրթության ոլորտում, Վաղարշակ Մատիկյանի խոսքով, խախտումները հետեւյալ պատկերն ունեն. «Խախտումների ամենահաճախ հանդիպող խումբը վերաբերում է տնօրենի աշխատանքային գործառույթներին, երկրորդ տեղում է պարտադիր կրթության ապահովումը, որը որոշ ուսանողների դեպքում խախտվել է տնօրենի՝ օրենսդրությանը ոչ համապատասխան գործելու հետեւանքով:
Մասնագիտական կրթության ոլորտում մենք կիրառում ենք նաեւ հարցաթերթեր, որոնք տրվում են ուսանողներին՝ հասկանալու համար ուսուցման գործընթացից նրանց բավարարվածությունը: Մենք ունենք այնպիսի դժգոհություններ, ինչպիսիք են գրադարանի համալրվածության խնդիրը, տեսական եւ գործնական պարապմունքների անհամամասնությունը: Այսինքն` խնդիր կա, որ գործնական աշխատանքների համամասնությունը մասնագիտական կրթության ոլորտում մոտ լինի տեսականին:
Մենք նաեւ հարցումներ ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հետ համագործակցող սոցիալական գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե ուսուցման գործընթացին զուգահեռ որքանով է ադեկվատ կազմակերպվում ուսանողների աշխատանքային գործունեությանը նախապատրաստելու գործառույթը, որը նույնպես գտնվում է ուսումնական հաստատության լիազորությունների ներքո»:
Տեսանյութը՝ քիչ անց.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: