Բաբաջանյան․ Վենսի այցով հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական փուլ

Բաբաջանյան․ Վենսի այցով հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական փուլ

2 փետրվարի 2026 – 13:53 AMT

PanARMENIAN.Net – «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի փետրվարի 9-ին սպասվող այցը Հայաստան ունի հստակ գործնական օրակարգ և պետք է գնահատվի արդյունքներով:

Նա նշել է, որ այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է՝ որպես իրական ենթակառուցվածքային և տնտեսական ծրագիր։

«Խոսքը վերաբերում է TRIPP-ի մեկնարկի կոնկրետ քայլերին՝ ծրագրի իրականացման համար պատասխանատու ընկերության հիմնում, կառավարման և վերահսկողության կանոնների սահմանում, ֆինանսավորման աղբյուրների ու պայմանների հստակեցում, անվտանգության ռիսկերի գնահատում, շինարարությունը փուլ առ փուլ սկսելու լիարժեք պատրաստություն՝ հստակ փուլերով, ժամկետներով և պատասխանատուներով։

Օրակարգի երկրորդ ուղղությունը խաղաղ միջուկային համագործակցությունն է։ Քննարկման առարկան նոր միջուկային հզորության վերաբերյալ որոշման հստակեցումն է՝ կիրառվող տեխնոլոգիա, ֆինանսավորման մոդել, անվտանգության ստանդարտներ, ժամանակացույց և տեղական մասնագիտական կարողությունների զարգացում։ Սա վերաբերում է երկրի երկարաժամկետ էներգետիկ կայունությանը և համակարգի կանխատեսելիությանը։

Երրորդ ուղղությունը բարձր տեխնոլոգիաներն են՝ կիսահաղորդիչներ և արհեստական բանականություն։ Այստեղ սպասվում է անցում ընդհանուր համագործակցության ձևակերպումներից դեպի կոնկրետ նախագծեր՝ տվյալների կենտրոնների և հաշվարկային հզորությունների զարգացում, կրթական և հետազոտական ծրագրեր, ամերիկյան ընկերությունների մասնակցություն և աշխատատեղերի ստեղծում։ Արդյունքի չափանիշը ենթակառուցվածքների և մասնագիտական թիմերի գործարկումն է Հայաստանում։

Փոխնախագահ Վենսի այցը պետք է դառնա այն կետը, որտեղ հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական, ինստիտուցիոնալ փուլ՝ հստակ որոշումներով, պատասխանատվությամբ և չափելի արդյունքներով՝ ինչն է սկսվում հիմա, ինչպես է իրականացվում և ինչ արդյունք է տալիս Հայաստանի անվտանգությանը, տնտեսությանը և երկարաժամկետ կայունությանը»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

Leave a Comment