Սկանդալային կադրերի արտահոսքի պատմությամբ հայտնի ընկերությունը կազմակերպել է Փաշինյանի «Վարչաբենդի» փարթին

Ջրվեժում գտնվող «Palladium Hall»-ում այսօր երեկոյան կկայանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդի» փարթին, որտեղ թմբկահարը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Հոլովակներից մեկում էլ նշմարվում է, որ պարողների մեջ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Փաշինյանն արդեն քանիցս «անոնսել» է միջոցառման մասին, եւ տեսահոլովակներից մեկում երեւում է, թե ինչպես է նրան ողջունում «Դոմինո պրոդաքշընի» սեփականատեր Աշոտ Առաքելյանը:

Իշխանական միջոցառման կազմակերպիչը կրկին «Դոմինո պրոդաքշընն» է, որի սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմներից է, ինչի հաշվին էլ նրան բաժին են հասնում բոլոր «յուղոտ» միջոցառումները՝  «Մեր ժամանակների հերոսը»,  լուսային դրոններով շոուն՝ Հանրապետության Հրապարակում, Դիջիթեք Էքսպո-2025-ի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի տաղավարի պատրաստումը եւ այլն: Նրա ընկերությունը 2018-ից կառավարական ճոխ պատվերներ է ստանում:

Նշենք, որ Աշոտ Առաքելյանը ժամանակին արժանանում էր նաեւ «նախկինների» շնորհներին, մասնավորապես Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ եղած տարիներին  նա ղեկավարում էր քաղաքապետարանի լրատվական բլոկը: Աշոտ Առաքելյանը հայտնի է նաեւ նրանով, որ նրա «Պրոքսի» կոչվող նրա ընկերությունն էր «Շարմի» հետ միասին  նախագահական ընտրությունների ժամամանակ նկարում  ՀՀԿ-ի քարոզչական՝  «Առաջ Հայաստան» հոլովակները, որոնց չմոտնաժված կտորները հետո տարածվեցին համացանցում, որտեղ հանրային հայտնի դեմքերը անհաջող արտահայտություններ էին անում ՀՀ նախագահի եւ  քաղաքապետ Զախարյանի  հասցեին: Անգամ Աշոտ Առաքելյանը չմոտնաժված կադրերի հանրայնացվելու հետ կապված խնդիրներ ունեցավ իրավապահների հետ:

Aravot.am-ը փորձեց կապվել Աշոտ Առաքելյանի հետ՝ իրեն վստահված «Վարչաբենդի» փարթիի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Հեռախոսազանգին պատասխանեց «Դոմինո պրոդաքշընի» աշխատակից Լուսինեն՝ ասելով, որ Աշոտ Առաքելյանը զբաղված է, գործերով դուրս է եկել եւ նրա հետ հնարավոր կլինի կապվել միայն երկուշաբթի օրը, իսկ ինքն իրավասու չէ այլ մանրամասներ հայտնելու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment