Իրանի շուրջ լարվածություն – Ազգ

Տարածաշրջանային եւ միջազգային արձագանքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի «Axios»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «շարունակաբար փոփոխվում է», քանի որ տարածաշրջան է ուղարկվել «մեծ ռազմածովային ուժ»:

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր համոզմամբ Թեհրանը իրականում շահագրգռված է համաձայնության հասնելու մեջ:

Թրամփի խոսքով՝ «նրանք ցանկանում են համաձայնության գալ: Դա ինձ հայտնի է: Բազմիցս կապ են հաստատել: Նրանք ուզում են երկխոսել»:

Այս համատեքստում Սպիտակ տան մի պաշտոնյա նույնպես նշել է, որ եթե Իրանը ցանկություն հայտնի կապ հաստատել Վաշինգտոնի հետ, Միացյալ Նահանգները «պատրաստ է ներգրավվել երկխոսության մեջ»:

Բանակցությունների դուռը բաց պահելով հանդերձ, Դոնալդ Թրամփը հունվարի 27-ին  շտապեց տեղեակցնել՝  «Եւս մի գեղեցիկ  արմադա (նավատորմ) այս պահին ուղղություն է վերցրել դեպի Իրան»:

Որոշ փորձագետներ, անդրադառնալով Թրամփի կողմից իսպանական ծագում ունեցող «արմադա» (Armada) բառի օգտագործմանը, որը նշանակում է «հսկա եւ գերազանց  զինված ռազմական նավատորմ», ենթադրում են, որ խոսքը ավիակիրներից, կործանիչ նավերից, աջակցող ռազմանավերից ու սուզանավերից բաղկացած  խոշոր ռազմական  կազմավորման մասին է:  

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր ամենշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, հայտարարել է, որ Իրանը շարունակում է բախվել «ընդգրկուն հիբրիդային պատերազմի», որը ձեւավորվել է անցյալ տարվա հունիսին Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիաների հետեւանքով:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հնչող սպառնալիքներն ու անհիմն հայտարարությունները շարունակվում են»:  Այս համատեքստում Բաղային անդրադարձել է Թրամփի վերջին հայտարարություններին, ինչպես նաեւ այն հաղորդումներին, ըստ որոնց ԱՄՆ-ի ռազմական նավերը շարժվում են դեպի Պարսից ծոց: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները լավ գիտակցում են՝ անկայունությունը վարակիչ է եւ չի սահմանափակվի միայն Իրանով:

Իրանի ԱԳՆ խոսնակը տարածաշրջանի երկրներին կոչ է արել Վաշինգտոնի սպառնալիքների դեմ որդեգրել հստակ դիրքորոշում՝ նշելով, որ հարեւանների շրջանում ձեւավորվել է ընդհանուր մտահոգություն: Նրա խոսքով՝ խաղաղությանը եւ միջազգային իրավունքին հավատարիմ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հստակ կեցվածք ընդունել ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ:

Իսկ ո՞ր երկրներն են հստակ կեցվածք ընդունել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պատասխանելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարձակման հավանականության մասին հարցին՝ ասել է. «Իմ ամերիկացի ընկերներին խորհուրդ եմ տալիս՝ թույլ մի տվեք, որ այս հարցը վերածվի եւս մեկ Վենեսուելայի»:

Ֆիդանը նշել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն անհրաժեշտ է գտնել բանակցելու ճիշտ ուղի՝ այնպես, որ իրանցիները չկորցնեն իրենց հեղինակությունը: Նա զգուշացրել է, որ եթե Իրանը իրեն ճնշման տակ զգա, կարող է պատրաստվել ամենավատ սցենարին:

Տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավոր հետեւանքներից մտահոգ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել է, որ Բաղդադը Իրանին նախազգուշացրել է ԱՄՆ-ի հնարավոր արձագանքի մասին՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման դեպքում:

Նրա խոսքով՝ Իրաքը Իրանին կոչ է արել միջամտել՝ կանխելու համար Բաղդադի «Կանաչ գոտու» թիրախավորումը՝ զգուշացնելով, որ նման հարձակման դեպքում Վաշինգտոնը կարող է լուրջ քայլեր ձեռնարկել Թեհրանի դեմ:

Ռուսաստանը՝ որպես միջազգային քաղաքականության վրա ազդեցություն ունեցող պետություն, նույնպես մտահոգություն է հայտնում Իրանի շուրջ զարգացումների կապակցությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Իրանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ ձեռնարկվող փորձերով:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, իր վերջին ճեպազրույցում  նշել է, որ Պեկինը հույս ունի՝ Իրանը կպահպանի ազգային կայունությունը եւ բոլոր կողմերին կոչ է անում գնահատել խաղաղության գինը: Նրա խոսքով՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով:

Ֆրանսիայի զինված ուժերի հարցերով նախարար-խորհրդական Ալիս Ռուֆոն հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական միջամտությունը Փարիզի համար նախընտրելի տարբերակ չէ՝ ընդգծելով, որ «իրանական ժողովրդին աջակցելը» պետք է իրականացվի այլ  ուղիներով: Նրա խոսքով՝ իրանական ժողովուրդն ինքն է պետք որոշի իր ապագան, իսկ Ֆրանսիան ներկայումս կանգնած է ժողովրդի կողքին, ոչ թե ռազմական միջամտության ճանապարհով:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արտահայտելով «խոր մտահոգություն» Մերձավոր Արեւելքում լարվածության սրման կապակցությամբ, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ զարգացումների առնչությամբ: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Տաջիկստանը դեմ է ռազմական գործողություններին եւ աջակցում է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ դիվանագիտական ճանապարհներով:

Իրանում վերջին բողոքի ցույցերից ի վեր  Տաջիկստանի որեւէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ այդ բողոքների ու դրանց հետեւանքների մասին   որեւէ մեկնաբանություն չէր արել:

Իսկ  Ադրբեջանը Իրանի շուրջ զարգացումների ֆոնին իր դիրքորոշումն արտահայտել է՝ Բաքվում ընդունելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունվարի 26-ին իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ Բաքվում հանդիպման ընթացքում, հավանաբար նաեւ նրա լուռ համաձայնությամբ,  հայտարարել է, որ Իրանում իրավիճակը հասել է «անհավանական մասշտաբների» եւ կոչ է արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այնտեղ ստեղծված իրավիճակին:

Սակայն Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, լինելով Իրանի անմիջական հարեւանն ու տարածաշրջանի ամենախոցելի երկրներից մեկը, հնարավոր փախստականների հոսքի եւ անվտանգության ռիսկերի ֆոնին ձեռնարկված քայլերի մասին դեռեւս հանրությանը ոչինչ չի տեղեկացրել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Leave a Comment