«Ես երևի ձեզ զարմացնեմ, խորապես համոզված եմ, որ այն ծրագիրը, որն ԱՄՆ-ն ուզում էր Հայաստանում իրականացնել 1999 թ․, հենց այս TRIPP-ն էր։ Եկեք հիշենք Վազգեն Սարգսյանի այցը ԱՄՆ, հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։ Վերադառնալուց հետո՝ Վազգեն Սարգսյանի 1 ժամանոց ասուլիսը, և այն պայմանավորվածությունները, ծրագրերը, թե ինչ են անելու, ինչ զարգացումներ են լինելու։ Հայ-թուրքական սահմանի բացում, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 3-ամսյա ժամկետում Արցախի հարցի բավականին հայանպաստ լուծում, հաղորդակցուղիների բացում։ Այդպիսով TRIPP-ը եղել է 1999 թ․ հոկտեմբերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով TRIPP-ի ուղղությանը։
Վերջինս հիշում է, որ Հայաստանն այդ ժամանակ ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հարևան պետությունների հետ համեմատած՝ ժողովրդավարական պետություն էր, ուներ Վազգեն Սարգսյանի նման վարչապետ, որը վերափոխելու էր մեր տնտեսությունը 3-4 տարում։ Անահիտ Ադամյանը համոզված է, որ այդ ծրագրի իրականացումից հետո Հայաստանը կլիներ բոլորովին այլ երկիր, տարածաշրջանում բոլորովին այլ հարաբերակցություններ կլինեին, և տարածաշրջանն էլ բոլորովին այլ լինելու էր, բայց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կասեցրեց այն։
«1998 թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և Հայաստանում պետական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ն այդ ծրագիրը փորձեց իրականացնել Վրաստանում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ ասաց, որ նախկին նախագահն «առաջին վայրկյանից մինչև վերջ պաշտպանեց Մոսկվայի շահերը»։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նրա համար գոյություն չունի»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: