Ռուսաստանը պատրաստ է «բարի ծառայություններ» մատուցել Իրանի և Իսրայելի միջև լարվածության թուլացման համար, ինչպես 2015 թվականին, երբ Մոսկվան առանցքային դեր էր խաղացել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հարցում։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Քանի որ մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի հետ, մշտապես առաջարկում ենք մեր բարի ծառայությունները, երբ անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը։ Այսպես, ավելի քան տասը տարի առաջ՝ 2015-ին, Ռուսաստանն առանցքային դեր խաղաց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործում, այդ թվում՝ մեր երկիր տեղափոխելով հարստացված ուրանի ավելցուկները, որոնք գերազանցում էին Իսլամական Հանրապետության համար համաձայնեցված քանակը։ Այժմ մենք պատրաստ ենք անել ինչ-որ նման բան։ Իսրայելցիները, իրանցիներն ու ամերիկացիներն այդ մասին գիտեն»,- նշել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ կլինի օգնել խուսափել իրավիճակի հերթական սրացումից, ինչպես դա տեղի ունեցավ 2025 թվականի ամռանը, երբ ռմբակոծվեցին ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող միջուկային օբյեկտները։
«Միևնույն ժամանակ՝ այդ գործակալությունը որևէ կերպ չարձագանքեց իր կանոնադրության և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի նորմերի այս կոպիտ խախտմանը։ Լավ է, որ աղետ տեղի չունեցավ, քանի որ օրինական միջուկային նյութերի պաշարները, որոնք չեն արգելվում չտարածման պայմանագրով, իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում, եթե դրանց վրա սկսեն հարվածներ հասցնել հատուկ զինամթերքով, որը խորը ներթափանցում է հողի մեջ և կարող է տասնյակ մետր խորությամբ ծակել բետոնը։
Հուսով եմ, որ խոհեմությունն ու առողջ բանականությունը կհաղթանակեն, չնայած ներկայումս շատ կանխատեսումներ կան, որ Իրանի վրա ևս մեկ հարձակումն անխուսափելի է։ Ես լսել եմ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես կոչ է արել խուսափել վատագույնից, և որ Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, նույնպես պատրաստ է միջնորդի դեր խաղալ։ Մենք նման տեսակետներ ունենք այս հարցում, ինչպես նաև շատ այլ հարցերում»,- շարունակել է դիվանագիտական բաժնի ղեկավարը։
Լավրովը նաև նշել է, որ իրանական նավթն այն երկրի նավթն է, որը գտնվում է այս հումքի խոշորագույն տերերի առաջին շարքում։
«Գրեթե համոզված եմ, որ ամերիկացիները կնախընտրեին, որպեսզի կարողանային վերահսկել նաև այդ նավթային հոսքերը։ Հատկապես՝ հաշվի առնելով, որ ի տարբերություն Վենեսուելայի, որը գտնվում է բաց օվկիանոսում, այստեղ կա Հորմուզի նեղուցը՝ իր աշխարհաքաղաքական նրբություններով, որոնք կապված են նավթային երթուղիների անվտանգության ապահովման հետ։ Սա ևս առկա գործոն է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնապես ու բացահայտ հայտարարած շահերը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
