Արևմուտքը փորձում է սեղմել օղակը Իրանի շուրջ․ երկրի ղեկավարությունը կարող է ահաբեկչական կառույց ճանաչվել

Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրանի շուրջ աճում է լարվածությունը։ Միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում է Իրանին ամերիկյան օդային հարվածների հավանականությանը։ Բայց նաև նշվում է, որ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չունի հետագա գործողությունների վերաբերյալ, թեև չի բացառում ուժի կիրառման տարբերակը։

Տեղեկություններ կան, որ Վաշինգտոնը բանակցելու համար Թեհրանին պայմաններ է առաջադրել։ Մասնավորապես, պահանջել է, որպեսզի Իրանը սահմանափակի բալիստիկ հրթիռների հեռահարությունը: Թեհրանն սակայն մերժել է այս պահանջը, բայց պատրաստ է քննարկելու միայն միջուկային ծրագիրը:

«Ռոյթերսի» աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը` բողոքի նոր ցույցեր հրահրելու համար։ «Բլումբերգն» էլ է գրում, որ Վաշինգտոնը Թեհրանին ճնշելու տարբերակներ է քննարկում, այդ թվում` Իրանի անվտանգության ուժերին, ռազմական ղեկավարությանը և ռազմավարական օբյեկտներին ուղղված հարվածներ։ Ըստ պարբերականի՝ նպատակը Իրանի իշխանական ռեժիմը խաթարելն է և բողոքի շարժմանը աջակցելը։  

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել էր, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։

«Իրանի ափերին մոտենում է մեծ նավատորմ։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով: Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնելու արագ և, եթե պետք լինի՝ բռնություն կիրառելով»:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ի պատասխան, X-ի իր էջում գրում է, որ Իրանի զինված ուժերը կազմ ու պատրաստ են արձագանքելու ցանկացած ագրեսիայի։

«12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքելու ավելի հզոր, արագ և խորը։ Սակայն Իրանը միշտ կողմ է արդար միջուկային համաձայնագրին՝ առանց հարկադրանքի ու սպառնալիքների։ Իրանը իրավունք ունի խաղաղ միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու, սակայն երաշխավորում է միջուկային զենքի բացակայությունը»։

ԱՄՆ-Իրան ծայրահեղ լարված հայտարարություններին զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում Բեյրությում։ «Հեզբոլլահի» և Իրանի դրոշները պարզած բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք Իրանի կողմնակիցներ են, արաբերենով վանկարկում են. «Մենք ձեր ծառայության մեջ ենք, Կասեմ»։ Խոսքը «Հեզբոլլահի» առաջնորդ Շեյխ Նաիմ Կասեմի մասին է։

Իսկ նա էլ իր հերթին արձագանքում է, որ կքննարկեն իրավիճակը, որ հասկանան՝ ինչպես գործել, բայց և հստակեցնում է, որ ամեն դեպքում իրենք չեզոք չեն․

«Երբ Թրամփը կամ որևէ այլ մեկը սպառնում է սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, դա նշանակում է, որ նա սպառնում է միլիոնավոր, ոչ, տասնյակ միլիոնավոր և նույնիսկ ավելի շատ մարդկանց, քանի որ սպառնում է նրանց առաջնորդին: Եվ սա այն բանն է, որի հարցում մենք չենք կարող լռել, դա մեր միասնական պատասխանատվությունն է։ Մենք հանձնառու ենք իրականացնելու բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու նախապատրաստական ​​​​աշխատանքները՝ այս սպառնալիքին դիմակայելու համար»։

Սրան զուգահեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Իրանի կառավարությունը երբեք այնքան թույլ չի եղել, ինչպես այսօր։ Նա կարծում է, որ երկրի տնտեսությունը փլուզման եզրին է։

Միջազգային մամուլը, վերլուծելով ԱՄՆ-Իրան փոխադարձ սպառնալիքները, գրում է, որ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցները անհանգստացած են հնարավոր անցանկալի զարգացումներով, քանի որ հարձակումը Իրանի վրա կարող է տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ հակամարտության մեջ։

Թեհրանը, ի պատասխան ամերիկյան սպառնալիքների, հայտարարում է, որ կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել Կատարում, ԱՄԷ-ում ու Սաուդյան Արաբիայում։

Այս պայմաններում ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարում է, որ մտադիր են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկ։ Սա նշանակում է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը նույնպես կարող է համարվել ահաբեկչական, ինչպես «Ալ Քաիդան» և «ՀԱՄԱՍ»-ը։

Լարվածությունը թուլացնելու գործին որոշել է միջամտել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա առաջարկում է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով կազմակերպել։ Այս առաջարկը նա ներկայացրել է ԱՄՆ նախագահ Թրամփին։ Առաջիկա օրերին էլ նախատեսվում է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչի այցը Թուրքիա, որի ժամանակ էլ հավանաբար կքննարկվի այս հարցը։ Ի դեպ՝ ԱՄՆ-ն ռազմաբազաներ ունի նաև Թուրքիայում։

Leave a Comment