2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը

ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարկում չկեզուցվող հարցերի շարքում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20ի N 1635Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը, որով նախատեսվում է 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և  զորացրում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշմամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված է 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է  2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

2025 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հունվարի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել (ընդ որում՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով հետազոտություների և վերափորձաքննության վերջնաժամկետ է սահմանված հունվարի 25-ը) քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: Այդ կապակցությամբ, և  2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թվականի ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։

Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է 2025 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի փետրվարի 13-ը ներառյալ։

Բյուջետային ազդեցությունը

Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է՝

  • ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

Leave a Comment