29 հունվարի 2026 – 10:21 AMT
PanARMENIAN.Net – ԵՄ-ն հաստատել է 20 մլն եվրոյի տրամադրումը ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամից: Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիչարդ Յոզվյակը X-ի իր միկրոբլոգում:
«Եվրամիության անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանին Խաղաղության հիմնադրամից 20 միլիոն եվրոյի տրամադրմանը՝ որպես ռազմական օժանդակություն:
Եվս մեկ փոքր նշան, որ Հայաստանը մոտենում է ԵՄ-ին այս տարվա կարևոր ընտրություններից առաջ»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունգարիան հանել է վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման որոշումից։ Այդ մասին հայտնել էր նույն Յոզվյակը:
Հայաստանը 2024 թվականի հուլիսին արդեն ստացել էր 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով, ինչը ներառել էր նաև բժշկական օգնության ամբուլատորիա և համապատասխան ծառայություններ ու կարողություններ։
2025 թվականի մարտին Հայաստանը ներկայացրել էր երկրորդ հայտը՝ հիմնադրամից նոր աջակցություն ստանալու նպատակով։ Այնուամենայնիվ, Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը։
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն այն ժամանակ հաստատել էր արգելափակման փաստը՝ նշելով, թե իրենք դեմ չեն Հայաստանի աջակցությանը, սակայն հավասար չափով աջակցություն, ըստ նրանց, պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին։