Բեռլինում ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի Պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։
Համագործակցության համաձայնագիրը ստորագրել են թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։
Համագործակցության շրջանակում Հայաստանի Պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։
Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և դրա տիեզերագիտական պատկերացումներին։
Ցուցադրվելու են Բեռլինի Թանգարանային կղզու տարբեր թանգարանների հավաքածուներից ընտրված նմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի Պատմության թանգարանի նպանատիպ ցուցանմուշների հետ։
Թանգարանային կղզին առաջին անգամ է իր ցուցանմուշները ցուցադրում Գերմանիայից դուրս, այսպիսով որոշում է կայացվել նշել վերջինիս երկուհարյուրամյա հոբելյանը, իսկ ցուցադրման համար ընտրվել է Հայաստանի պատմության թանգարանը։
Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի Պատմության թանգարանի հավաքածուների ցուցահանդեսի անցկացում Բեռլինում։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր է գնահատել աննախադեպ այս համագործակցության սկիզբը և այն կարևորել Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համագործակցության ռազմավարական օրակարգի համատեքստում։