Արցախցի վերջին հայերը հեռացել են ոչ թե իրենց կամքով, այլ ադրբեջանական իշխանությունների ճնշմամբ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը: Նա նրանց տեղափոխությունը բնութագրել է որպես «էթնիկ զտումների վերջին ակորդ»։
11 տեղահանվածների մեծ մասը տեղավորվել է Աղվերանի հյուրանոցում։
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ասել է Պետրոսյանը: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, սակայն պարզել են՝ իրենցից մեկը չկա:
«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», – պատմել է Պետրոսյանը:
Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցներին պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, ըստ այդ ԶԼՄ-ների՝ նա հարցնում էր՝ այս հայերն ինչո՞ւ են հեռանում Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները, նշում է «Ազատություն» ռ/կ-տ, վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:
Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:
«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», – նշել է Պետրոսյանը:
Վերադարձածներից մեկի հարազատն էլ պատմել է՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:
Պետրոսյանն էլ հավելել է՝ Արցախից վերջին հայերին վտարել են, ոչ թե նրանք Հայաստան են եկել իրենց դիմումի համաձայն:
«Ասում է՝ «գիտե՞ս ինչպես է՝ մեզ չեն էլ ասել, հարցրել, էդ թուղթը ստորագրել ենք մենք սահմանին, բայց այնպիսի վիճակում էինք արդեն, ոնց որ բանտ նստած լինեինք», – փոխանցել է Պետրոսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 23-ին հայտնել էր, որ Արցախում մնացած 11 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ բժիշկների խումբը հետազոտել է բոլոր 11 ժամանողներին: 1 հոգի լրացուցիչ հետազոտման նպատակով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, մյուսների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
