Մարդիկ «դեմոկրատ» են, երբ իշխանություն չեն

19-րդ դարի վերջին ժամանակակից Բելառուսի տարածքում կային ե՛ւ ուղղափառներ, ե՛ւ կաթոլիկներ, կային նաեւ խառը համայնքներ: Պատմում են, որ կաթոլիկ եպիսկոպոսը որոշակի ձեւով էր կողմնորոշում իր քահանաներին. այնտեղ, որտեղ դուք փոքրամասնություն եք, պայքարեք հանուն ձեր իրավունքների, ժողովրդավարության, հավասարության; Այնտեղ, որտեղ դուք ուղղափառների հետ հավասար եք, պայքարեք առավելությունների, արտոնությունների համար: Իսկ այնտեղ, որտեղ մեծամասնություն եք, արգելեք բոլոր մյուս դավանանքները:

Կարեւոր չէ, որ դա հենց կաթոլիկն էր ասում, վստահ եմ, այդպես էին մտածում նաեւ ուղղափառները: Այդպես են մտածում նաեւ քաղաքական կամ քաղաքականությանը մոտ կանգնած գործիչների մեծ մասն ամբողջ աշխարհում: Եվ միշտ էլ այդպես են մտածել: Մարտին Լյութերը սկզբից պայքարում էր, որ իր գրքերը չայրեն, բայց երբ նրա շարժումը տարածվեց եւ ազդեցիկ դարձավ, սկսեց պայքարել, որ անաբապտիստների գրքերն այրեն՝ դրանց հեղինակների եւ կողմնակիցների հետ միասին: Գաղափարներով լյութերականները տարբերվում էին կաթոլիկներից, իսկ գործելակերպով՝ ոչ:

Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպե՞ս եղավ, որ ազատ խոսքի նախկին ջատագովները (որոնց մեջ կան նաեւ նախկին լրագրողներ) հիմա թե՛ օրենսդիր մակարդակով եւ թե՛ իրենց գրպանում գտնվող իրավապահների ու դատարանների մակարդակով պայքարում են ազատ խոսքի դեմ: Օրինակ, 2003 թվականին ընդունված ԶԼՄ-ների մասին օրենքում ամենահակադեմոկրատական փոփոխությունները կատարվել են 2018 թվականից հետո: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե աշխարհն ավելի լավը դարձնելու համար, այլ՝ հանուն սոցիալական ռեւանշի։

Ինչի՞ համար էին այսօրվա իշխանավորները փողոցում պայքար մղում: Որ այլեւս փողոցում չլինեն, որ լինեն «պալատներում»: Որ ապրեն շքեղ բնակարաններում, ունենան «պադավատներ», շատերը նաեւ՝ ձեռք գցեն եկամտաբեր բիզնեսներ: Այո, ծրարները փոխարինվել են պարգեւավճարներով: Իսկ ո՞վ է պարգեւավճարների մասին որոշողը:

Եթե նոր իշխանության (երբ էլ այն ձեւավորվի) մոտիվացիան լինի մերժելը, վրեժ լուծելը, «զրոյական կետից սկսելը», ապա այն վաղ թե ուշ նմանվելու է նիկոլական իշխանությանը:

…Ո՞վ էր եվրոպական կառույցներին «եվրոյոնջա» համարում այն բանի համար, որ դրանք լավ չեն հետեւում Հայաստանում մարդու իրավունքների վիճակին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment