Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրում ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգել է ևս 90 օրով։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են երկուշաբթի՝ հունվարի 26-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պաշտոնական կայքում։
ՌԲԿ-Ուկրաինա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա ռազմական դրությունն ու զորահավաքը երկարաձգելու արդեն 18-րդ դեպքն է՝ սկսած 2022 թվականի փետրվարից։
Երկու օրինագծերն էլ նախագահ Զելենսկին խորհրդարան է ներկայացրել հունվարի 12-ին։ Հունվարի 14-ին դրանք հաստատվել են Գերագույն Ռադայի կողմից և ուղարկվել նախագահի ստորագրմանը։
Ըստ ընդունված փաստաթղթերի՝ ռազմական դրությունն ու զորահավաքը կգործեն փետրվարի 3-ից մինչև մայիսի 4-ը։ Մինչ այդ՝ մինչև փետրվարի սկիզբը, դրանք շարունակում են գործել՝ հիմնվելով 2025 թվականի հոկտեմբերի վերջին ընդունված նախորդ օրինագծերի վրա։
Ռազմական դրությունը Ուկրաինայում գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի կողմից երկրի վրա լայնածավալ ռազմական ներխուժումից հետո։
2025 թվականի դեկտեմբերի վերջին նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը Ռուսաստանի հետ չի ավարտվի, քանի դեռ Ուկրաինան չի ստանա անվտանգության հստակ երաշխիքներ, և մինչև այդ ռազմական դրությունը չի չեղարկվի։
Հունվարի վերջին նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը «100 տոկոսով պատրաստ է»։ «Մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվը և վայրը»,-ասել է Ուկրաինայի նախագահը։