Փաշինյանը «Եռաբլուրում» է՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առթիվ

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուրում» է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս պահին լրագրողների մուտքը դեպի զինվորական պանթեոն արգելված է:

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով հղած ուղերձում Փաշինյանը նշել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն»։

«Զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Եվ մենք այսօր կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա․ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը, մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ամրացնելը, երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք՝ մեր երկնային բանակին եւ ժպիտ ստանալ ի պատասխան»,- նշել է Փաշինյանը։

Անցած շաբաթ հունվարի 27 -ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել էր, որ հունվարի 27-ը արդեն կլինի ոչ աշխատանքային օր:

Leave a Comment