Այսօր Քարինտակի հերոսական պաշտպանության 34-րդ տարելիցն է

1992 թվականի հունվարի 26-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնացել է որպես Քարին Տակի հերոսական մարտի օր։ Իսկ Ադրբեջանը, այդ օրը կրելով ծանր պարտություն, այն անվանեց «Արյունալի հունվար», իսկ Քարին Տակը՝ «Արյունալի ձոր»։

Քարին Տակը՝ Շուշիին ամենամոտ գտնվող գյուղը, 1988 թվականից ի վեր գտնվում էր մշտական հարձակումների ներքո։

Բոլոր կողմերից շրջափակված՝ հակառակորդը նպատակ ուներ լիովին ոչնչացնել Քարին Տակի բնակիչներին՝ նրանց դիտարկելով որպես լուրջ ռազմավարական վտանգ։

Գյուղի պաշտպաններին օգնության հասան արևելյան ուղղությունից ժամանած ջոկատները՝ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ։

Ինքնապաշտպանական գործողությունը տևեց շուրջ 12 ժամ՝ չնայած հակառակորդի բազմակի թվային գերազանցությանը։

Կորցնելով ավելի քան 90 մարդ և գյուղի մատույցներում թողնելով մեծ քանակությամբ զինատեսակներ ու ռազմամթերք՝ հակառակորդը հարկադրված եղավ նահանջել։

Քարին Տակը ադրբեջանական ռեժիմի կողմից օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր առաջ։ 2021 թվականից Ադրբեջանը սկսել է գյուղի համակարգված ոչնչացումը, որը շարունակվել է մինչև 2024 թվականը։ Քարին Տակը ամբողջությամբ հողին է հավասարեցվել, նրա պատմական ժառանգությունն ու ենթակառուցվածքները վերացվել են՝ անդառնալի վնաս հասցնելով հայ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությանը։

Leave a Comment