Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ի պատասխան ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի B խմբի առաջին տուրի Հայաստան-Ուկրաինա (2-1) հանդիպման ընթացքում գրանցված սկանդալային միջադեպի վերաբերյալ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրության։
«Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց՝ ուկրաինական կողմի բողոքի պնդումներն անհիմն են։ Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ», – նշված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունում։
Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել էր ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմնին՝ կապված ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ։
Ուկրաինական կողմի դժգոհության պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո, ինչպես նաև նրա կատարած գրառումը Instagram-ում։