26 հունվարի 2026 – 18:18 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի դիվանապետ և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Որոշումը կայացրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը, հայտնում է Aysor.am-ը:
Միևնույն ժամանակ, դատարանը թույլատրել է նրան ամեն կիրակի մասնակցել պատարագի արարողությանը և ստանալ հաղորդություն, սակայն առանց որևէ շփման այլ անձանց հետ։
Տեր Գարեգինը չի կարող այցելել Արագածոտնի մարզի եկեղեցիներ. պատարագի մասնակցության իրավունքը սահմանափակված է միայն Արմավիրի մարզում՝ իր բնակության վայրում։
Դատարանի կողմից սահմանվել է, որ Տեր Գարեգինին արգելվում է օգտվել նամակագրությունից, հեռախոսազանգերից կամ այլ հաղորդակցման միջոցներից, ինչպես նաև շփվել անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների։
Ավելի վաղ Տեր Գարեգին քահանա Արսենյանի շահերի պաշտպան Պետրոս Պետրոսյանն ասել էր, որ հոգևորականին առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անորոշ է:
Հոկտեմբերին Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։