Շարունակվում են Իսրայելի հարձակումները Գազայի վրա։ Թել Ավիվը հայտարարել է, որ կվերաբացի Ռաֆահի անցակետը միայն հետիոտնային անցման համար, բայց միայն այն ժամանակ, երբ կստանա վերջին սպանված իսրայելցի գերու մարմինը։ Այս հայտարարությունը տարածվել է կիրակի ուշ երեկոյան, երբ հերթական հարձակմանը ենթարկվելուց հետո Գազայի բնակիչները սգում էին զոհված երեք պաղեստինցիների մահը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Ռաֆահի անցակետը, որը պետք է բացվեր անցած տարվա հոկտեմբերին՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի սկզբնական փուլում, կվերաբացվի միայն մարդկանց անցման համար։ Սակայն դա կարվի պայմանով․ նախ պետք է վերադարձվեն ողջ մնացած բոլոր գերիները, այնուհետև բոլոր մահացած գերիների մարմինները։ Նշվում է, որ անհրաժեշտ է 100 տոկոսանոց ջանքեր գործադրել դիերը փնտրելու և գտնելու գործում։ Ըստ էության՝ գրեթե բոլոր դիերը վերադարձվել են՝ բացառությամբ ոստիկան Ռան Գվիլիի։ Նախօրեին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ միանգամայն թափանցիկ է գործել ու հայտնել է իսրայելցի զինվորի մնացորդների գտնվելու վայրը և որ կատարել է բոլոր պարտավորությունները՝ ըստ հրադադարի համաձայնագրի։
ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ լիովին հանձնառու է այդ գործն արագ ավարտելու և որևէ շահագրգռություն չունի այն ձգձգելու։
Ռաֆահի անցակետը գործնականում միակ ուղին է, որով Գազայում ապրող 2 մլն պաղեստինցիները կարող են մտնել քաղաք կամ դուրս գալ այնտեղից։ Անցակետի՝ Գազայի կողմը 2024 թվականից գտնվում է Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է վերաբացել անցակետը երկու ուղղություններով։ Դա է պատճառը, որ վերջին շաբաթներին ճնշում է գործադրվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա՝ իրագործելու համաձայնության առաջին կետը։ Անցած շաբաթ Վաշինգտոնը հայտարարեց, որ հրադադարի երկրորդ փուլում նախատեսվում է վերակառուցել Գազան, ինչն այժմ ընթացքի մեջ է։
Մի քանի օր առաջ՝ Դավոսի համաժողովի ժամանակ, ԱՄՆ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարեց «Նոր Գազայի» կառուցման ծրագրի մասին և ցույց տվեց, թե ինչ տեսք կունենա այն։ Ըստ նախագծի՝ Գազան պետք է զրոյից վերակառուցվի։ Նախատեսվում է կառուցել բնակելի աշտարակներ, արդյունաբերական գոտիներ, հանգստի վայրեր Միջերկրական ծովի ափին։ Քուշները վստահեցրել է, որ երեք տարում կկառուցվեն 2-3 մլն բնակչության համար նախատեսված քաղաքներ։
Թեև Թրամփի ծրագիրը նախատեսում է Ռաֆահի լիարժեք վերաբացում, Նեթանյահուի գրասենյակի վերջին հայտարարության մեջ ասվում է, որ անցակետով մուտքը կլինի սահմանափակ և միայն հետիոտնի համար, այն էլ լիարժեք ստուգումից հետո։
Գազայի բնակիչ Մոհամմեդ Շամալղը դժգոհ է Գազայի վերակառուցման ծրագրից․
«Ես տեսնում եմ, որ հայտարարված վերակառուցման ծրագիրը չի փոխհատուցի պաղեստինցիների կորուստները, այն չի նախատեսում բնակարանի կամ տարածքի հատկացում, նոր անշարժ գույքի տրամադրում։ Սա բացարձակապես անընդունելի է։
Գազայի բնակիչ Նիմեր Մետարն ասում է, որ դա խաղաղության ծրագիր չէ։
«Այն քարտեզը, որը ներկայացվեց, ցույց է տալիս, որ խլել են մեր՝ պաղեստինցիներիս իրավունքները և մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Վերակառուցումը, որը մենք ուզում ենք, տուն վերադառնալն է, որպեսզի իմ տան ավերակների տեղում, վերակառուցենք ավերվածը»։
Վերլուծաբանները մտահոգություն են հայտնում, որ նման վերակառուցումը կհանգեցնի Գազայից պաղեստինցիների վտարմանը, ինչը Իսրայելի վաղեմի նպատակն է։ «Պաղեստինյան լաբորատորիա» գրքի հեղինակ Էնթոնի Լոուենշտայնը մտավախություն ունի, որ անցակետը կվերահսկի միայն Իսրայելը․
«Եգիպտոսում կան հսկայական թվով պաղեստինցիներ, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելի հասցրած հարվածների պատճառով հայտնվել են անորոշության մեջ։ Նրանցից շատերը ցանկանում են վերադառնալ։ Ոմանք ուզում են վերադառնալ՝ գուցե օգնելու վերակառուցմանը կամ տեսնելու իրենց ընտանիքներին։ Սակայն Իսրայելը ցանկանում է, որ հսկայական քանակությամբ պաղեստինցիներ հեռանան ու չվերադառնան»։
Նրա կարծիքով՝ Ռաֆահի անցակետը միայն հետիոտնի համար բացելը ոչնչով չի օգնի Եգիպտոսի պահեստներում կուտակված խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը Գազա տեղափոխելուն։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ կարծում է վերլուծաբանը։
Բեյրութի համալսարանի գիտաշխատող Ռամի Խուրին կարծում է, որ Իսրայելի հայտարարությունը արտացոլում է պաղեստինյան կյանքը բոլոր կողմերից վերահսկելու ռազմավարությունը։
Թեև, ըստ նրա, Իսրայելը համաձայնել է Թրամփի հրադադարի առաջարկին, իսկ ՀԱՄԱՍ-ը կատարել է իր պարտավորությունները՝ ազատ արձակելով գերիներին, վերադարձնելով դիերը և դադարեցնելով հարձակումները, Իսրայելը չի կատարում պարտավորությունները, քանի որ շատ պաղեստինցիներ մնացել են առանց բժշկական օգնության, առանց հացի ու ջրի։
Մինչդեռ նախօրեին էլ Իսրայելի հարձակումները շարունակվել են Գազայում․ զոհվել է երեք պաղեստինցի, վիրավորվել՝ չորսը։
Ընդհանուր առմամբ հոկտեմբերին՝ հրադադար հաստատվելուց ի վեր, Գազայում Իսրայելի հարձակումներից սպանվել է ավելի քան 480 պաղեստինցի՝ հայտնում է Ալ Ջազիրան։ Իսկ իսրայելա-պաղեստինյան պատերազմի երկու տարվա ընթացքում սպանվել է մոտ 71 հազար մարդ, 171 հազարը՝ վիրավորվել։