Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով` վերացնելով բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Գործող տուժող ճանաչված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե), չպատասխանեցին նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանի հարցին, թե արդյո՞ք Մկրտիչ սրբազանը կարող է խոչընդոտել նրանց ազատության մեջ։
«Օգտվում եմ իմ իրավունքից և չեմ պատասխանում այդ հարցին։ Դուք դատավոր եք և ավելի լավ գիտեք»,– ասաց Արամ Ստեփանյանը։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է 2025–ի հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրային Հեռուստաընկերության եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը, ըստ որի՝ 2021թ անցկացված ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ թե իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն: