Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մարգարա

Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյան սահմանային «Մարգարա» անցակետ շրջայցի ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով»,- ասել է փոխնախարարը։

Ըստ նրա՝ դրանով կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։

«Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,- ասել է Ավետյանը։

Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնելու կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու և դիվերսիֆիկացնելու արտահանումը։

«Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշել է փոխնախարարը։

Leave a Comment