ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում պաշտոնի նշանակվող թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում. նոր հրաման

Iravaban.net ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ նշանակվող թեկնածուների համար սահմանել պարտադիր բարեվարքության ստուգման կարգ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է սահմանել ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը։

Սա հնարավորություն կտա երաշխավորելու նշված ծառայողների բարեվարք գործունեությունը՝ հնարավորինս կանխելով բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի խախտումները և ապահովելով նման խախտում կատարած անձանց նկատմամբ համարժեք արձագանքը՝ պատասխանատվության միջոցների կիրառմամբ։ Այն կերաշխավորի, որպեսզի ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները՝ դրսևորելով բարեվարք և իրավաչափ վարքագիծ։

Կարգի հիմնական դրույթները

Պարտադիր բարեվարքության ուսումնասիրություն՝ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն։

Ուսումնասիրությունն իրականացնողը՝ Թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Ժամկետը՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը տրամադրում է բարեվարքության հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

Հարցաթերթիկի ներկայացում՝ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում ստացված միջնորդությամբ (կամ դիմումով) ներկայացվող փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև թեկնածուի կողմից լրացված և յուրաքանչյուր էջում ստորագրված բարեվարքության հարցաթերթիկը։

Հարցաթերթիկի ձևանմուշը՝ Բարեվարքության հարցաթերթիկի ձևանմուշը հաստատված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 19-ի N 04-Ն որոշմամբ։

Հանձնաժողով ուղարկելը՝ ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից հարցաթերթիկը ստանալու հաջորդ աշխատանքային օրը այն ուղարկվում է Հանձնաժողով՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։

Էլեկտրոնային տարբերակ՝ Բարեվարքության հարցաթերթիկը ներկայացնելուն զուգահեռ հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը «Excel» ձևաչափով թեկնածուի կողմից իր էլեկտրոնային փոստի հասցեից ուղարկվում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման

պաշտոնական էլեկտրոնային փոստի [email protected] հասցեին՝ անձին նույնականացնելու անհրաժեշտությունից ելնելով։

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի պահանջը, կապահովվի ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների առավել բարեվարք գործունեությունը։

Կարգի ներդրումը կնպաստի այն բանին, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պաշտոններում կնշանակվեն միայն այն թեկնածուները, որոնք բավարարում են բարեվարքության պահանջներին և չունեն բարեվարքության խախտումների պատմություն։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 2-րդ՝ «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում» ուղղության 5-րդ՝ «Ոստիկանության համակարգում կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության ամրապնդում» կետից։

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից,- տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment