Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ Կարապետ Բադալյանի, այսօր անցկացվեց Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Երրորդ անձ հանդիսացող Արարատ բանկը ծանուցվել էր, բայց ներկայացուցիչը չէր ներկայացել։ Նախորդ նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Հայտնեց, որ սույն գործի շրջանակներում ի թիվս այդ պահանջների իրավասու մարմինը Սերժ Սարգսյանի դեմ ներկայացրել է 186 մլն 584 325 դրամ ծախսված գումարի բռնագանձման պահանջ։ Ընդ որում խոսքը վերաբերում է առավելապես, եթե ոչ, ամբողջությամբ Ռիտա Սարգսյանի բանկային և քարտային հաշիվներով կատարված ծախսերին։
Ներկայացուցիչը միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի երրորդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետի Ա ենթակետի՝ ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող օրենքի, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում՝ «գույքն ամբողջությամբ» ձևակերպման, սահմանադրականությունը պարզելու հարցով և կասեցնել սույն գործի վարույթը մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը։ Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը առարկել էր միջնորդությանը։ Նշել, որ դրա բավարարման համար հիմքեր առկա չեն։
Սույն գործի շրջանակներում ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով ապացուցման բեռը բաշխվել է հետևյալ կերպ, իրավասու մարմինը պետք է ապացուցի 186 միլիոն 584 325 դրամ ծախսված գումարի՝ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանելը։ Ներկայացուցիչը հայտնեց, որ հայցադիմում մեջ չկա որևէ պնդում առ այն որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է Սերժ Սարգսյանի միանձնյա կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանած գումար։
Այս դատական նիստի ընթացքում Վահագն Ալեքսանյանը շարունակեց ներկայացնել մի շարք ապացույւցներ, որոնք իրենց դիտարկմամբ կարող են համարցել թույլատրելի ապացույցներ։ Դատական նիստերի ընթացքում հետազոտվել են բանկային քաղվածքները, այդ թվում՝ բանկային փոխանցումները կամ այդ բանկային փոխանցումների առնվազն մի մասը, որոնք Ռիտա Սարգսյանի հաշվեհամարին կատարվել են և որոնց վերաբերյալ իրավասու մարմնի կողմից ներկայացվել է դիրքորոշում, որ դրանք ապօրինի եկամուտներ են դիտարկվել, քանի որ պարզ չէր, թե այդ գումարները ինչի համար են փոխանցվել։
Վահագն Գրիգորյանը նշեց, որ պնդում են, որ երրորդ անձանց կողմից Ռիտա Սարգսյանի բանկային հաշիվներին արված չբացատրվող կանխիկ մուտքերը և բանկային փոխանցումները չեն կարող դիտվել որպես ապօրինի եկամուտներ, քանի որ այդ գումարները իրական շահառուի սկզբունքով Սերժ Սարգսյանին պատկանած գումարներ չեն, և իրավասու մարմինը ևս նման պնդումներ չի կատարել իր հայցադիմումի մեջ։ Իրավասու մարմինը երբեք իր հայցադիմումի մեջ չի նշել, որ այն գումարները, որոնք որ երրորդ անձանց կողմից ուղղվել են Ռիտա Սարգսյանին, իրականում փաստացի նախկինում Սերժ Սարգսյանին պատկանող գումարներ են, որը ձևավորվել է պարզ չէ թե ինչից։ Նշեց նաև, որ այլ անձանց կողմից Ռիտա Սարգսյանի բանկային հաշիվների կատարված կանխիկ և անկանխիկ մուտքերի մասով, առկա է նաև ապացույցների ներկայացման օբյեկտիվ անհնարինություն, որպեսզի իրավիճակի բացասական հետևանքները չեն կարող դրվել Սերժ Սարգսյանի և Սաթենիկ Սարգսյանի վրա։
Պատասխանող կողմը որպես արժանահավատ ապացույց վկայակոչեց նաև Սերժ Սագսյանի կողմից ներկայացված հայտարարագրերը, նշելով, որ իրավասու մարմինը հաշվի չի առել մի շարք ապացույցներ, ինչպես օրինակ՝ Սաթենիկ Սարգսյանի կրթաթոշակների գումարները և դրանց վերաբերյալ գործում առկա ապացույցները։
Համապատասխան հատվածի ներկայացումից հետո դատական նիստը հռետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 16-ին ժամը 10:00։