ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կառուցողական է որակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Գազայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրի իրականացման վերաբերյալ բանակցությունները։
Շաբաթ օրը Axios-ը հաղորդել էր, որ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպելու համար:
«Բանակցությունները կենտրոնացած էին նախագահ Թրամփի Գազայի հարցով 20 կետանոց ծրագրի 2-րդ փուլի շարունակական առաջընթացի և իրականացման վրա։ Բանակցությունները կառուցողական և դրական էին, երկու կողմերն էլ համաձայնության եկան հաջորդ քայլերի և տարածաշրջանի բոլոր կարևորագույն հարցերի շուրջ շարունակական համագործակցության կարևորության վերաբերյալ», – գրել է Ուիթքոֆը X-ում։