2026 թվականի սկզբին աշխարհաքաղաքական թատերաբեմ է իջնում Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը», որը քննադատներն արդեն անվանում են «բռնապետների վճարովի ակումբ»։
ՄԱԿ-ի ռեքվիեմը և Թրամփի «վճարովի օթյակը»
Ամեն ինչ սկսվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևից, որը նախատեսում էր Գազայի հետպատերազմյան վերակառուցման համակարգումն ու առաջնորդումը վերապահել «Խաղաղության խորհրդին»։ Սակայն Թրամփի վարչակազմն արագորեն հասկացրեց, որ դա միայն սկիզբն է։ Խորհրդի՝ Գազայի վերակառուցման մանդատը փաստացի դարձավ «տրոյական ձի», փորձելու ստեղծել մի գլոբալ կառույց, որտեղ միջազգային իրավունքը փաստացի փոխարինվում է բիզնես պլանով։
Գլոբալ անվտանգության «սեփականաշնորհումը»
Այս խորհրդի առանցքն առևտրային է. 1 միլիարդ դոլարի «մուտքի տոմս»՝ մշտական անդամակցության համար։ Սա դասական դիվանագիտություն չէ, այլ «վճարիր խաղալու համար» մոդել, որտեղ ազդեցությունը դառնում է գնովի ապրանք։
Ֆրանսիան և Գերմանիան առաջիններից էին, որ կտրուկ քննադատեցին նախաձեռնությունը՝ այն անվանելով «ՄԱԿ-ի դերի զավթման փորձ» և «բռնապետերի նորաստեղծ ակումբ»։ Նրանց համար սա վտանգավոր նախադեպ է, որտեղ հարուստ ավտոկրատները կարող են պարզապես գնել իրենց անպատժելիությունը։ Ընդհանուր քննադատության հիմնական սլաքն ուղղված է նրան, որ, ի տարբերություն ՄԱԿ-ի ԱԽ-ի, այստեղ վերջնական որոշման իրավունքը խարսխվում է անձամբ Թրամփի կամքի վրա։ Սա նշանակում է, որ ցանկացածը կարող է զրկվել ձայնից, եթե նրա շահը հակասի Թրամփի գործարքային տրամաբանությանը։ Եվ միջազգային իրավահավասարությունը տեղի է տալիս «ուժեղի և հարուստի իրավունքի» առջև, ինչը, մեծ հաշվով, կարող է հանգեցնել գլոբալ ինստիտուցիոնալ համակարգի վերջնական փլուզմանը։
Թրամփը հրավիրյալների առումով թիրախավորում է երկու խումբ շահառուի՝ «մեծ դրամապանակներ» և աշխարհաքաղաքական առանցքային հանգույցներ։ Բայց հրավեր ստացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Վերջիններս արդեն պաշտոնապես ընդունել են այն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին մասնակցեց Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը։ Այդ միջոցառումներին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը նստած էին Դոնալդ Թրամփի աջ և ձախ կողմերում։ Այդ դրվագը դիվանագիտական «ցուցափեղկ» էր։ Թրամփի կողքին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ներկայությունը ցուցադրում էր, որ ԱՄՆ նախագահի «գործարքային» մոդելն աշխատում է, իսկ այնտեղ միայն բռնապետներ չեն։ Երևանի համար դա նշան էր, որ այլևս ոչ թե աշխարհաքաղաքական լուսանցքում է, այլ՝ Թրամփի «շրջանակում»։
Հայաստանը՝ խաղաղապահից դեպի «բիզնես հանգույցի» խաղացող
Հարց է առաջանում՝ ի՞նչ է կորցրել Հայաստանն արտաքուստ իրեն չվերաբերող «Խաղաղության խորհրդում»։
Տասնամյակներ շարունակ Երևանն իր անվտանգային «միավորները» փորձում էր վաստակել խաղաղապահ տարբեր առաքելություններում ներգրավվելով՝ Կոսովոյի լեռներից մինչև Աֆղանստանի անապատներ և Սիրիայի ականապատ դաշտեր։ Սակայն Թրամփի «Խաղաղության խորհուրդը» փոխում է «արժույթը»։ Այլևս կարևոր չէ, թե քանի զինվոր ես տրամադրում. կարևոր է՝ որքանով է քո երկիրը տեղավորվում «Թրամփի ակումբի» տնտեսական շահերի մեջ։ Հայաստանի ներգրավվածությունը կարևոր է Թրամփի համար նաև այն առումով, որ Հայաստանը, TRIPP նախագծի կենսագործման շնորհիվ, ԱՄՆ-ի համար դառնում է ռազմավարական ակտիվ՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի միջակայքում։
Եթե Թրամփի մյուս՝ «Աբրահամյան դաշինք» նախագիծը ցույց տվեց, որ արաբական փողն ու իսրայելական տեխնոլոգիան կարող են լռեցնել դարավոր թշնամանքը, ապա «Խաղաղության խորհուրդը» փորձում է նույնն անել Կովկասում՝ հենվելով նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» խիստ համահունչ կոնցեպտի վրա։ Սա կարելի է «Աբրահամյան դաշինք-2» անվանել։ Հայաստանի համար «Թրամփի խորհուրդը» կարելի է բնորոշել որպես «բարձր ռիսկ – բարձր եկամուտ» գործարք, հնարավորություն՝ դառնալու նախագծի մաս, որտեղ խաղաղությունը, թղթերի փոխարեն, հիմնվում է միլիարդավոր դոլարների ներդրումային պարտավորությունների վրա։
Լինել սեղանի կողքի՞ն, թե՞ սեղանի վրա…
Թաքնված գլխավոր վտանգն այն է, թե որքանով «Թրամփի ակումբը» կարող է ապահովել տնտեսական և անվտանգային երկարաժամկետ երաշխիքներ։ Եթե անդամակցությունը գնվում է փողով, ապա ի՞նչ կլինի, երբ հարուստ հարևանները «գնեն» ավելի մեծ ազդեցություն։ Այս իմաստով Եվրոպայի մտահոգությունը տեղին է. դիվանագիտությունը չի կարող վերածվել բաժնետիրական ընկերության, որտեղ փոքր բաժնետերերը ձայնի իրավունք չունեն։
Բայց կա՞ այլընտրանք նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում։ Իհարկե, Թրամփի նախաձեռնությունը ՄԱԿ-ի դիահերձում է։ Բայց ՄԱԿ-ը գործնականում մահացած էր վաղուց, և այսօր դիահերձվում է ընդամենը դրա նեխած մարմինը։ Հայաստանը փորձում է հնացած, թույլ կառույցների հավատարիմ հետևորդ մնալու փոխարեն իր տեղը գտնել նոր՝ «կորպորատիվ» խաղաղության սեղանի շուրջ։ Այլընտրանքն այդ սեղանին որպես կերակուր հայտնվելն է․․․
Գոռ Աբրահամյան
