«Թռել ա, որ ձեռից վերցնի, միասին պայթել են»․ մանրամասներ՝ Գորիսում նռնակի պայթյունից

Գորիսում միջադեպը տեղի է ունեցել համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի և նրա հորեղբոր որդու միջև ծագած վեճի հետևանքով։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Գորիսի համայնքապետի հայրը՝ Գագիկ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ որդին միջադեպի հետ կապ չունի և դեպքի պահին մարզասրահում է եղել։

«Վարորդն ու իր հորեղբոր տղան հողի հետ կապված վիճաբանություն են ունեցել, մի քանի օր առաջ էլ են վիճել։ Վարորդին կանչել ա հաշիվ պարզելու, ուզել ա նռնակը գցի վարորդի վրա, վարորդն էլ թռել ա, որ ձեռից վերցնի, հանկարծ չպայթեցնի, միասին պայթել են»,- պատմեց Առուշանյանի հայրը։

Նրա փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին վարորդի ընկերն է։ «Ընկերը նորմալ ա, ընդհանուր վիճակը լավ ա, հարվածը վարորդի վրա ա եղել»,- ասաց Գագիկ Առուշանյանը։

Նշենք, որ քիչ առաջ ՆԳՆ-ն հայտնեց, որ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

Արփի Հակոբյան

 

Leave a Comment