«Ներկը գույն է դառնում այն ժամանակ, երբ նկարդ ստացված է»․ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի համոզմամբ նկարիչ չեն դառնում, այլ ի ծնե են լինում։ Նրա խոսքով՝ ստեղծագործական կարողությունը սերմանված է մարդու մեջ դեռ նախնիներից եկող հիշողությամբ, և կարևոր չէ՝ աշխարհագրորեն որտեղ է նա ծնվում․ մի օր անպայման աշխարհ է գալիս այն մարդը, ով արդեն իր մեջ կրում է արարելու, նկարելու անհրաժեշտությունը։ «Դա հենց այնպես է ի հայտ գալիս՝ բնազդով, բառիս բուն իմաստով բնազդով»,– ասում է նա՝ շեշտելով, որ այդ կարողությունը ոչ ոք չի կարող ներմուծել մարդու մեջ դրսից։

Թադևոսյանի խոսքով՝ ապագա նկարիչը սկսում է նկարել դեռ չհասկանալով՝ ինչ է անում։ Գույներն ու գծերը կարծես ինքնուրույն գտնում են նրան և ներսում ձևավորում մի զգացական աշխարհ, որը միայն ինքն է ի զորու ճանաչելու։

«Առաջինը ինքն է նկատում, որ իր մեջ կա նման բան, որի անհրաժեշտությունը ինքը անընդհատ զգում է։ Այդ զգացողությունը գալիս է մանկությունից․ երբ մյուսները խաղում են, նա մի պահ թողնում է խաղը, վերցնում է մատիտն ու թուղթը և սկսում աշխատել»,– նշում է գեղանկարիչը և վստահեցնու՝ սա հստակ նշան է, որ երեխայի մեջ արդեն ձևավորվում է ստեղծագործելու պահանջը։

Նրա համոզմամբ՝ արվեստում հապաղելը վտանգավոր է։ «Եթե սկսես մտածել, թե Սայաթ-Նովայի ժամանակ ինչպես էին նկարում, շատ բան ես տանուլ տալու»,– ասում է նա՝ ընդգծելով, որ ժամանակը արագ է փոխվում, և արվեստը պարտավոր է քայլել ժամանակի հետ։ Ցուցասրահներում, ըստ նրա, մարդիկ արագ են անցնում նկարների կողքով, բայց երբեմն մի կտավ կարող է «քարացնել» դիտողին։ Այդ պահին սկսվում է նկարի ու մարդու զրույցը։ «Նկարը պետք է միանգամից նայես ու զգաս՝ ինչի մասին է խոսքը»,– հավելում է նա։

Ստեղծագործելու պահը, Թադևոսյանի խոսքով, անբացատրելի է։ Նա այն համեմատում է համի զգացողության հետ․ «Ինչպես չեմ կարող բացատրել, թե ծիրանը ինչ համ ունի, այնպես էլ չեմ կարող բացատրել ստեղծելու պահը»։ Այդ պահին մարդը կտրվում է աշխարհից, դառնում է եթերային․ մնում են միայն վրձինը, կտավը և միտքը, որը պետք է ծնվի։ Այդ միտքը հաճախ օրերով ապրում է մարդու մեջ, մաքրվում, հղկվում, մինչև հասնում է իր վերջնական արտահայտությանը։

Գեղանկարիչը համոզված է, որ «Աստված կոչվածը հենց բնությունն է»։ Նրա դիտարկմամբ՝ բնության մեջ պատահական ոչինչ չկա․ ամեն ինչ հավասարակշռված է։ Եթե մի տեղ կործանում է լինում, մի ուրիշ տեղ ծնունդ է լինում, որպեսզի պահպանվի ամբողջականությունը։ Եվ նույն օրենքն է գործում նաև արվեստում ու ստեղծագործական գործընթացում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի երկրորդ շարքի առաջին տեսաֆիլմը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, անձին հնարավորություն կտա արվեստին նայել ոչ միայն որպես արտաքին աշխարհի արտացոլում, այլև որպես ներաշխարհի բացահայտման խորունկ ճանապարհ՝ օգնելով նրան ճանաչել իրեն և վերագտնել ստեղծագործելու ներքին մղումը։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Թադևոսյանը մեծ կարևորություն է տալիս բնության հետ անմիջական շփմանը։ «Տանը նստած բնանկար նկարելն ինձ համար մի քիչ անհասկանալի է»,– ասում է նա՝ բացատրելով, որ միայն բնության մեջ կարելի է զգալ քամու զովքը, լույսի ու ստվերի շարժումը, որոնք անմիջապես ներթափանցում են մարդու էության մեջ և հուշում ստեղծագործելու ճիշտ ճանապարհը։

Նրա խոսքով՝ կտավը պետք է լինի գույների կենդանի զրույց։ «Ներկը գույն է դառնում այն ժամանակ, երբ նկարդ ստացված է»,– ընդգծում է նա՝ հավելելով, որ եթե գույները իրար հետ չեն խոսում, կտավը չի կարող ապրել։ Գույնը պետք է ծառայի զգացականին և անմիջապես խոսի դիտողի հետ։

Չնայած կյանքի ընթացքում բազմաթիվ դժվարությունների, գեղանկարիչը երբեք չի ցանկացել դրանք արտացոլել իր արվեստում։ «Ես նկարում եմ ոչ միայն ինձ համար, այլ մարդու համար, որը պետք է նայի և այնտեղից քաղի այն, ինչ իրեն հաճելի է»,– ասում է Հրանտ Թաթոսյանը։ Եվ վստահեցնում է՝ եթե նորից ընտրելու հնարավորություն ունենար, կրկին կընտրեր նույն ճանապարհը՝ արվեստի ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Leave a Comment