Մոսկվան ու Կիևը կարծես պատրաստ են գործարքի․ Թրամփը լավատես է ուկրաինական խնդրի հանգուցալուծման հարցում

Ժամեր անց Աբու Դաբիում առաջին անգամ կհանդիպեն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունները։ Բանակցությունների հիմնական թեման անվտանգության հարցերն են լինելու։ Վաշինգտոն-Մոսկվա-Կիև եռակողմ հանդիպման առանցքում Դոնբասի տարածքային խնդիրն է լինելու՝ ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Հունվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, Ջարեդ Քուշներին և Ջոշ Գրյունբաումին։ Իսկ հունվարի 20-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ուիթքոֆն ու Քուշները հանդիպել էին Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։

Աբու Դաբիում ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա անվտանգության հարցերով բանակցություններից առաջ Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, գործարար Ջարեդ Քուշների, ԱՄՆ պետական գնումների գործակալության ներկայացուցիչ Ջոշ Գրյունբաումի հետ։ Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը զգուշացրել էր, որ Ուկրաինայի հետ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն։

Մոտ չորս ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ հանդիպումը բովանդակալից, կառուցողական և շատ անկեղծ է եղել:

Ամենակարևորը, ըստ Ուշակովի, այն է, որ բանակցություններում վերահաստատվել է տարածքային հարցերը լուծելու կարևորությունը:

Հունվարի 22-ին Դավոսում Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները սահմանող ամերիկյան փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը դեռևս լուծված չեն:

«Այս պատերազմին վերջ տալուն ուղղված փաստաթղթերը գրեթե պատրաստ են, և դա իսկապես կարևոր է։ Ուկրաինան աշխատում է լիակատար ազնվությամբ և վճռականությամբ, և դա արդյունքներ է բերում։ Ռուսաստանը նույնպես պետք է պատրաստ լինի այս պատերազմն ավարտելու, այս ագրեսիան դադարեցնելու»։

Թրամփը Զելենսկիի հետ հանդիպումից առաջ դարձյալ հայտարարել էր, որ ռուս–ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։

«Ավելի ուշ կտեսնեմ նաև Զելենսկիին: Եթե կողմերից մեկը չցանկանա գործարք կնքել, նշանակում է հիմար է»:

Իսկ մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո Թրամփն ասել էր, որ շատ լավ հանդիպում է ունեցել Զելենսկիի հետ:

«Եղել են ժամանակներ, երբ Պուտինը չէր ուզում գործարք կնքել, երբ Զելենսկին չէր ուզում գործարք կնքել: Եվ դա անցյալում է: Հիմա կարծում եմ, որ նրանք երկուսն էլ ուզում են գործարք կնքել, բայց տեսնենք»:

Իսկ արդեն Դավոսում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը կարծիք էր հայտնել, որ Եվրոպան պետք է ավելի ուժեղ բանակ և ավելի արագ արձագանքելու կարողություն ունենա։ Իսկ դրա համար, ըստ նրա, հարկավոր է ստեղծել ընդհանուր բանակ Ռուսաստանին դիմակայելու համար։ Խոսքը մոտ 3 մլն զորակազմ ունեցող  բանակի մասին է։  

«Ես դա առաջ ասել եմ և կկրկնեմ՝ Եվրոպային անհրաժեշտ են միասնական զինված ուժեր, ուժեր, որոնք կարող են իսկապես պաշտպանել Եվրոպան։ Այսօր Եվրոպան հույսը դնում է միայն այն համոզմունքի վրա, որ եթե վտանգ լինի, ՆԱՏՕ-ն կգործի։ Բայց ոչ ոք իրականում չի տեսել դաշինքը գործողության մեջ։ Եթե Պուտինը որոշի վերցնել Լիտվան կամ հարվածել Լեհաստանին, ո՞վ կպատասխանի»։

Ուկրաինայի նախագահն իր մոտեցումն այսպես է բացատրել․ ավելի լավ է թղթի վրա գրել ընդհանուր մեծ ուժերի գաղափարը և չօգտագործել, քան չունենալ ու փաստի առաջ կանգնել։

Leave a Comment