Վաշինգտոնը ցանկանում է, որ Գրենլանդիայում իր ռազմական ներկայության սահմանափակումները հանվեն. Bloomberg-ը

ԱՄՆ ցանկանում է, որ Դանիայի հետ պաշտպանական համաձայնագրով հանվեն Գրենլանդիայում իրռազմական ներկայության գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Խոսքը 1951 թվականի համաձայնագրի մասին է։ Այն ամերիկյան զինված ուժերին թույլ է տալիս հաստատվել Գրենլանդիայում եւ ռազմակայաններ կառուցել ու շահագործել։ Միևնույն ժամանակ՝ փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը պարտավոր է Դանիային և Գրենլանդիային «տեղեկացնել», ինչպես նաև նրանց հետ խորհրդակցել ռազմական օբյեկտներում եւ ներկայությունում «ցանկացած էական փոփոխություն» կատարելուց առաջ։

ԱՄՆ ցանկանում է փոխել այս ձևակերպումը, որպեսզի իր ծրագրերն իրականացնելիս որևէ սահմանափակման չհանդիպի։

Նախօրեին Fox Business-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է. «Մենք կկարողանանք Գրենլանդիայում տեղակայել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, քանի որ մենք դա ենք ուզում։ Ըստ էության՝ սա լիակատար հասանելիություն է՝ առանց ժամանակային կամ ժամկետային սահմանափակումների»։

Bloomberg-ը նշում է, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք Դանիան և Գրենլանդիան կհամաձայնեն սրան։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Դանիան և Գրենլանդիան բաց են 1951 թվականի համաձայնագրի «հետագա ընդլայնման» համար։ Թե ինչ է սա նշանակում, դեռ հայտնի չէ։

Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր գործարքի շրջանակում քննարկվում է նաև արգելել ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներին կղզում հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունք տրամադրել, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Սա նախեւառաջ վերաբերում է Չինաստանին և Ռուսաստանին։

Leave a Comment